ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ խաղաղապահական գործողություններին մասնակցելու համար. Խաչատուրով

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելություններին մասնակցելու մանդատի ձևակերպման համար: Այս մասին մայիսի 25-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով

Ըստ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ-ը իր տրամադրության տակ ունի խաղապահական ներուժ, որը կազմում է մոտ 3500 մարդ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ այդ ներուժը պետք է օգտագործվի ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում անցկացվող խաղաղապահական առաքելություններում, այլև երրորդ երկրներում ՄԱԿ-ի հովհանու ներքո:

«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ միասին մշակում ենք գործնական հարցեր, որոնք կապված են խաղաղության պահպանման համար ՄԱԿ առաքելություններում ՀԱՊԿ խաղաղապահական զորախումբն օգտագործելու համար անհրաժեշտ իրավական ձևակերպման հետ»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը: Կազմակերպության կազմում ընդգրկված են նաև արագ արձագանքման հավաքական ուժերը: Հայաստանը արագ արձագանքման հավաքական ուժերում ներկայացված է մեկ գումարտակով:

Բացի այդ, ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են ինչպես ՄԱԿ մանդատի ներքո, այնպես էլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին: Ներկայում Հայաստանի ԶՈւ 125-130 զինծառայող մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղապահական գործողությանը: Բացի այդ, հայ խաղաղապահների մեկական դասակ տեղակայված են Լիբանանում (ՄԱԿ հովանու ներքո) և Կոսովոյում (ՆԱՏՕ-ի հովանու ներքո):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *