Իրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի են ձերբակալել

Իրանի ուժայինները Թեհրանի Շահրիար շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Աջնադ ալ-Շամ» ճյուղավորման անդամի, ով նախատեսել էր ահաբեկչական գործողություններ կազմակերպել Թեհրանում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Իլնա» լրատվական գործակալությունը։

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Ահաբեկիչը նպատակադարվել էր հավաքագրել 300 հոգու, ովքեր մահապարտ գործողություններ պետք է իրականացնեին իսլամական մոհարրամ ամսվա (սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20) սգո արարողությունների ժամանակ։ Ահաբեկչին բացահայտել են նրա հեռախոսազանգերը գաղտնալսելով։

Ահաբեկչին բացահայտելուց հետո Իրանի հետախուզական ուժերը նրա հետ կապ են հաստատել, ներկայացել որպես ԻՊ անդամներ և «հանդիպման ժամանակ» ձերբակալել։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Գործի դնելով  ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *