Աստանայում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ «ռաունդը»

Սեպտեմբերի 13-ին Աստանայում մեկնարկում է սիրիական հակամարտության հարցով բանակցությունների 6-րդ փուլը. Բանակցություններն անցկացվում են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի անմիջական ղեկավարությամբ: Կողմերը քննարկելու են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ոչ բախումային գոտիների հարցը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցելով «մոտ աղբյուրից» ստացած տեղեկությունները, հայտնում է, որ «կան բոլոր նախադրյալները, որպեսզի կողմերը համաձայնության գան բանակցային փուլերում ձևավորված փաստաթղթերի ամբողջական փաթեթի շուրջ»:

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության. (արխիվ)

Բանակացություններին այս անգամ ևս ներգրավվել են Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմադիր որոշ կառույցների ներկայացուցիչներ: Սա 2017 թ. հունվարից սկսած արդեն 6-րդ նման հանդիպումն է, եթե հաշվի չառնենք Թուրքիա-Իրան-Ռուսաստան փորձագիտական հանդիպումները Իրանի և նույն Ղազախստանի տարածքներում:

Բանակցային սեղանին դրված են Սիրիայի սահմանադրության մշակման համար Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը, անցումային շրջանի կարգավորման մեխանիզմներին վերաբերող փաստաթղթեր, Սիրիայի Իդլիբ նահանգում ոչ բախումային գոտի սահմանելու և ազդեցության գոտիները որոշելու հարցը, ինչպես նաև Սիրիայի հարցով հիմնական՝ ժնևյան բանակցությունների կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտոիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ՝ 5-րդ փուլն անցկացվել էր  հուլիսի 4-5-ը: Այդ ժամանակ կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ և փաստաթուղթ ստորագրել Սիրիայում «ոչ բախումային գոտիների» ստեղծման վերաբերյալ: Սակայն հետագայաում պարզ դարձավ, որ Սիրիայի որոշ հատվածներում, ամեն դեպքում, նման գոտիներ սահմանվել են, չնայած դրանց իրագործումը բավականին բացեր ունի: Այդ գոտիները կան դե-ֆակտո, սակայն փաստաթուղթ դեռ չկա:

Ինչ վերաբերում է կոնկրետ Իդլիբին, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև Սիրիայի Իդլիբ շրջանի հարցում որևէ տարաձայնություն չկա: Ըստ այդմ, այս բանակցություններից առայժմ կոնկրետ արդյունքի հասնելու հավանականությունը ևս բարձ չէ:

Ինչ վերաբերում է Սիրիայի սահմանադրությանը, ապա այդտեղ խնդիրներն ավելի շատ են. Թուրքիան դեմ է Սիրիայի քրդերին ցանկացած ստատուս տալուն, չնայած քրդական կառույցը ռեալ ազդեցություն ունի այդ երկրում և վերահսկում է բավականին լայն տարածքներ:

Իրանն իր հերթին դեմ է Սիրիայի տարածքի բաժանմանը տարբեր ազդեցության գոտիների, իսկ Ռուսաստանը սեփական շահերն է հեդապնդում, որոնք ոչ միշտ են անգամ դաշնակից Սիրիայի կառավարության շահերին համընկնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *