Աստանայում Սիրիայի «ոչ բախումային գոտիների» հարցում համաձայնություն ձեռք չի բերվել

Հուլիսի 4-5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ անցկացվող բանակցություններում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ և փաստաթուղթ ստորագրել Սիրիայում «ոչ բախումային գոտիների» ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Աստանայի բանակցություններին մասնակցող կողմերը միայն համաձայնվել են «ոչ բախումային գոտիների» հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը հայտարարել է, որ Աստանայում Սիրիայի հարցով համաձայնության չեն եկել Թուրքիայի պատճառով:

Աղբյուրը հայտնում է, որ «ոչ բախումային գոտիների» վերաբերյալ փաստաթուղթ պատրաստող խմբի հանդիպումը տեղի է ունենալու Իրանում օգոստոսի սկզբին:

Մինչ այդ հայտարարվում էր, որ նախատեսվում է փաստաթուղթ ընդունել առնվազն 2 «ապաէսկալացման գոտիների»՝ արևելյան Գուտայի և Հոմսի հյուսիսային հատվածների վերաբերյալ, սակայն չնայած կողմերի համաձայնությանը, փաստաթղթի ստորագրումը տեղափոխվել է բանակցությունների հաջորդ փուլ:

Աստանայում Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարող Ալեքսանդր Լավրենտիևը հայտարարել է, որ չի հաջողվել որևէ փաստաթուղթ կնքել, սակայն դե-ֆակտո այդ գոտիները գոյություն ունեն:

Մեզ չհաջողվեց անմիջապես դուրս գալ «ապաէսկալացման» գոտիներ ստեղծելու գործընթացին: Այնուամենայնիվ , դա մեր նպատակն է, մենք ձգտելու ենք հասնել դրան»,—ասել է Լավրենտիևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-5-ը Աստանայում անցկացվել են Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունների 5-րդ փուլը, որին մասնակցում էին պաշտոնական Դամասկոսի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի պատվիրակությունները, ներկայացուցիչների Սիրիայի ընդդիմադիր ուժերից, ՄԱԿ-ի և Հորդանանի ներկայացուցիչները:

Աստանայում բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *