Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 6-ին այցելել է Կելցե քաղաքում անցկացվող MSPO-2017 ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդես և շրջել տաղավարներով:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ցուցահանդեսին մասնակցում է նաև Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռեֆիևը:
Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակած լուսանկարներից Հասանովը այցելել է հիմնականում լեհական ընկերությունների՝ մասնավորապես Polska Grupa Zbrojeniowa (Լեհաստանի ռազմարդյունաբերական ընկերություն) ձեռնարկությունների տաղավարներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտպանական միջոցներ արտադրող «Լյուբավա» ընկերության տաղավարում. MSPO-2017
Ի թիվս մյուս տաղավարների՝ Զաքիր Հասանովը այցելել է նաև պաշտպանական միջոցներ արտադրող լեհական «Լյուբավա» ընկերության տաղավար: Նշենք, որ այդ ընկերությունը գործում է նաև Հայաստանում: 2014 թ. հոկտեմբերի 16-ին բացվել է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը:
MSPO-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը անցկացվում է սեպտեմբերի 5-ից 8-ը Լեհաստանի Կելցե քաղաքում: Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Իսրայելից, Հարավային Կորեայից ևն:
Այցի շրջանակներում Հասանովը սեպտեմբերի 5-ին հանդիպել է նաև Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչին: