ՀՀ ԶՈւ դիպուկահարները ավարտել են իրենց ելույթը «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթի շրջանակներում՝ չհաղթահարելով առաջին՝ «Անհատական ստուգարք» փուլը: Մրցույթն անցկացվում է Ղազախստանի տարածքում՝ երեք փուլով:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մրցմանը նաև մասնակցում էին հարևան Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները: Ադրբեջանն անցել է կիսաեզրափակիչ, իսկ Իրանը կիսաեզրափակչի պայքարին չի մասնակցի։
Մասնակից 17 երկրից կիսաեզրափակիչ են անցել Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի դիպուհարների թիմերը:
Առաջին փուլում մասնակից երկրներից յուրաքանչյուրից ներգրավված էր 6 դիպուկահար: Դիպուկահարներից յուրաքանչյուրը կատարում էր 5 վարժություն, որոնք են՝ հրաձգություն գիշերով, հարձակման և պաշտպանության ժամանակ և այլն: Վարժություններից մեկը կոչվում էր «դիպուկահարային բիաթլոն»:
Առաջին փուլում հաղթողը ճանաչվում էր գումարային բոլոր վարժություններում գրանցած ամենաբարձր արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգին և փուլերին ավելի մանրասմասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ ապրիլի վերջին Ռազմինֆոն ներկա էր գտնվել ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ մրցույթին նախապատրաստական պարապմունքներին և զրուցել էր ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացի ղեկավարի տեղակալի հետ: