2017-ին Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի նախաձեռնած «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարի շրջանակներում անցկացվող «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին: Ներկայում ընթանում է Հայաստանի ԶՈւ զինծառայողների՝ մրցույթին պատրաստության փուլը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացի ղեկավարի տեղակալը:
Զինվորականը հայտնել է, որ մրցույթը բաղկացած է երեք փուլից.
- Անհատական ստուգարք
- Զույգերով ստուգարք
- Դիպուկահարային էստաֆետա
Անհատական մրցումների փուլի ընթացքում դիպուկահարը 5 անհատական վարժություն է կատարում և ճանաչվում լավագույն դիպուկահար, 2-րդ փուլը դիպուկահար զույգերի մրցումների փուլն է, որի ընթացքում ևս 5 վարժություններ են կատարվում, որով որոշվում է լավագույն դիպուկահար զույգը:
3-րդ փուլը դիպուկահարի էստաֆետա է, որին մասնակցում են լավագույնը ճանաչված 4 երկրների խմբերը, արդյունքում որոշվում է լավագույն պետության ներկայացրած դիպուկահար խումբը:
Ռուսաստանի ՊՆ կայքում նշված է, որ «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթը անցկացվելու է Ղազախստանի «Օտար» և «Գվարդեյսկի» զորավարժարաններում: Մասնակից երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 11 մարդուց.
-
- Թիմի հրամանատար
- Դիպուկահար զույգեր (8 մարդ)
- Թիմի մարզիչ
- Թիմի հրամանատարի տեղակալ
Մրցույթին թիմերը մասնակցելու են 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանով, «Մակարովի ատրճանակով» (ՊՄ), ՌԳԴ-5 նռնակով: Ընտրությունը պայմանավորված է մասնակից բոլոր երկների սպառազինությունում այդ զենքերի առկայությամբ:
«Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի շրջանակում, որն անցկացվում է 2015 թվականից:
«Միջազգային բանակային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել էր 21 մասնակից, այդ թվում նաև Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը: Մասնակցությունից հրաժարվել էր 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ: