Հայաստանի զինված ուժերի դիպուկահարների դասընթացները գործում են արդեն 5-6 տարի, Ռազմինֆոյի հետ զրույցում նշում է դասընթացների ղեկավարի տեղակալը: Մեզ հետ զրույցում նա նաև մանրամասնում է, թե ինչպես են անցկացվում պարապմունքները և թե ինչ զինատեսակներ են կիրառվում այդ ընթացքում:
Ապագա դիպուկահարների ընտրության նախնական փուլը կատարվում է հենց զորամասերում, երբ այնտեղ են ժամանում նորակոչիկները: Դրանից հետո զինծառայողներն ուղարկվում են դիպուկահարի դասընթացներին մասնակցելու, որպեսզի ավելի ուշ վերադառնան զորքեր՝ որպես դիպուկահար ծառայելու:
Razm.info-ի զրուցակիցը նշում է, որ դասընթացների ներգրավելիս իրենք հաշվի են առնում նաև հենց զինծառայողի ցանկությունը:
«Ամենաառաջին կարևոր հանգամանքն է, որ մարդ ցանկանա դառնալ այդ մասնագետը: Եթե չի ցանկանում դառնալ այդ մասնագետը, առաջին փուլի ընթացքում շարքերից հեռանում է, հետ է վերադարձվում իր զորամաս: Նա կարող է դիպուկահար մասնագետ լավ չծառայել, բայց այլ զենքի վրա, այլ մասնագիտությամբ ավելի լավ մասնագետ դառնալ, ոչ դիպուկարահ: Դիպուկահար ոչ ամեն մարդ կարող է դառնալ՝ կախված իր թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական կառուցվածքից», — նշում է մեր զրուցակիցը:
Դիպուկահարի դասընթացներին ներգրավվում են ոչ միայն ժամկետային, այլ նաև պայմանագրային կազմի զինծառայողներ:
«Եթե զորամասերում կան նաև պայմանագրային կազմի զինծառայողներ, որոնք ընդունվում են պայմանագրային ծառայության և հետագայում պետք է իրենց ծառայությունը շարունակեն որպես դիպուկահար մասնագետներ, զորամասերից ուղարկում են, որպեսզի հետագայում որպես դիպուկահար նրանք ավելի վարպետանան, ավելի մասնագիտանան և ունակությունները կատարելագործեն, կոնկրետ իրենց զենքին կարողանան ավելի հմուտ տիրապետել»:
Անկախ նրանից, որ պայմանագրայիններն անցել են երկու տարվա ժամկետային ծառայություն՝ միևնույն է, նրանք նույնպես անցնում են դասընթացները, քանի որ զինված ուժերի արդիականացման արդյունքում որոշ զինատեսակներ են փոխված լինում:
Դասընթացի ղեկավարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր զինատեսակ պահանջում է առանձին մասնագիտական պատրաստություն և ունակություններ՝ կածված զենքի հնարավորություններից, մարտավարատեխնիկական բնութագրերից:
«Օգտագործում ենք հիմնականում մեր զինված ուժերի սպառազինության մեջ եղած «ՍՎԴ» և խոշոր տրամաչափի մի քանի տեսակի այլ զենքեր, զինատեսակներ՝ տարբեր երկրների արտադրության», — նշում է մեր զրուցակիցը՝ ներկայացնելով դասընթացների ժամանակ ուսումնասիրվող դիպուկահար հրացանները:
Դիպուկահարներիի դասընթացի տևողությունը մեկ կիսամյակ է: Այդ ընթացքում, ըստ դասընթացի ղեկավարի տեղակալի, անցկացվում է դիպուկահարների պատրաստման 3 փուլ:
Սակայն մինչ այդ նորակոչիկներն իրենց զորամասերում անցկացնում են մոտ երկամսյա նախնական զինվորական պատրաստության պարապմունքներ: Այդ ընթացքում գործնական հրաձգություններ են իրականացնում ավտոմատով: Լավագույն արդյունքներ ցույց տվածներին ընտրում են որպես ապագա դիպուկահարներ՝ դասընթացին ուղարկելու համար:
Դասընթացի երեք փուլերից առաջինի ընթացքում զինծառայողներին տրվում են հիմնականում տեսական գիտելիքներ՝ զենքի ու մարտավարության վերաբերյալ, ինչպես նաև կատարվում են կրակային առաջին պարապմունքները:
«Նախնական փուլում անցկացնում ենք ուսումնական վարժություններ, նախնական հրագության վարժություններ … Սա հոգեբանական պատրաստության շրջանն է, որ մարդ հոգեբանորեն կարողանա պատրաստվել այդ կրակոցի ձայնին, զենքի հետհարվածին, որ ամեն կրակոցից հետո ստանում է մարմինը: Այսինքն՝ պատրաստվի, որ ամեն կրակոցին չսպասի, այլ դա իր համար սովորական բնույթ կրի … Առաջին փուլը՝ հոգեբանական փուլը, հաղթահարում է այդ բոլոր հոգեբանական արգելքները, բարյերները, որ գոյանում են զինծառայողի առջև կրակոց կատարելու պահին»:
Դասընթացի արդեն երկրորդ փուլում զինծառայողներն անցկացնում են տեսական գիտելիքները գործնականորեն ամրապնդելու, վարժվելու, հմտությունները զարգացնելու պարապմունքներ:
«Երկրորդ փուլում սկսում են արդեն ուսումնական ավելի բարդ վարժությունները և ստուգողական վարժությունները, որոնք պարունակում են ավելի մեծ հեռավորությունների վրա փոքր նշանակետերի խոցման ունակությունների ձևավորման և կատարելագործման պարապմունքներ»:
Մեկ կիսամյակ տևողությամբ դասընթացի երրորդ փուլում զինծառայողներն անցկացնում են համալիր վարժություններ: Սա դիպուկահարների պատրաստման վերջին փուլն է:
«Երրորդ փուլն արդեն առաջին և երկրորդ փուլերի համադրությունն է՝ և հոգեբանական, և ֆիզիկական ունակությունների, և գործնական հրաձգության հմտությունները զարգացնելու պարապմունքները»:
Ռազմինֆոյի զրուցակցի խոսքով՝ այս վարժությունները համատեղում են և հոգեբանական պատրաստությունը, և ֆիզիկական կոփվածությունը, և գործնական հմտությունների մակարդակի զարգացումը:
Այս փուլերից հետո պատրաստություն անցած դիպուկահարները վերադառնում են զորքեր՝ իրենց հետագա ծառայությունն անցկացնելու համար:
3 responses to “ՀՀ ԶՈւ դիպուկահարների դասընթացներին մասնակցում են և ժամկետային, և պայմանագրային զինծառայողներ”