Հուլիսի 30-ին Միացյալ Նահանգները 100 բեռնատարով զենք-զինամթերք է մատակարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ-արաբական ուժերին։ Այդ ուժերի շարքում հիմնական դերը Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներինն» է (YPG), որոնց Թուրքիան համարում է «ահաբեկչական կառույց»։ Այս մաիսն հուլիսի 31-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Բեռնատարները, ինչպես և նախկինում, Սիրիայի տարածք մտել են Իրաքից։ Թուրքական կողմը քրդերին ուղարկված սպառազինության շարքում նկատել է Hummer զրահամեքենաներ, 4×4 անվային ընթացամասով ամենագնացներ, վերամբարձ կռունկներ։
Թուրքական գործակալությունն ավելացնում է, որ հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ քրդերին զենք է ուղարկել հետևյալ քանակի բեռնատարներով՝
- Հունիսի 5-ին՝ 60 բեռնատար,
- Հունիսի 12-ին՝ 20,
- Հունիսի 16-ին ՝ 50,
- Հունիսի 26-ին՝ 21,
- Հուլիսի 5-ին՝ 82,
- Հուլիսի 9-ին՝ 102,
- Հուլիսի 13-ին՝ 95,
- Հուլիսի 17-ին՝ 100,
- Հուլիսի 22-ին՝ 100,
- Հուլիսի 27-ին՝ 80։
Այսպիսով հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ-ն քուրդ-արաբական ուժերին 1029 բեռնատարով զենք-զինամթերք է մատակարարել։
Նշվում է, որ մոտ աագայում ԱՄՆ-ն նոր սպառազինություն է ուղարկելու քուրդ-արաբական կոալիցիային, այդ թվում՝ 12 հազար «Կալաշնիկով» ավտոմատ, 6 հազար գնդացիր, 3500 խոշոր տրամաչափի գնդացիր, ԱՄՆ-ում արտադրված 3 հազար միավոր «ՌՊԳ-7» նռնականետ, ամերիկյան արտադրության «ԱՏ-4» կամ ռուսաստանյան արտադրության «ՍՊԳ-9» հակատանկային հրթիռային համալիրներ։
Ըստ «Անադոլուի»՝ «տեղեկություններ կան», որ քուրդ-արաբական ուժերին նաև պետք է մատակարարվի 235 միավոր հրետանային համակարգ, 100 միավոր դիպուկահար հրացան, 450 միավոր PV-7 տիպի գիշերային տեսանելիության հեռադիտակ, 150 միավոր ջերմատեսիլ սարք։
Ավելացնենք, որ Քիրիայի քուրդ-արաբական ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ 2017 թ․ հունիսից սկսել են ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունը։ Երկու ամիս շարունակվող մարտերի արդյունքում այդ ուժերը ԻՊ զինյալներին շրջափակել են Ռաքքայի կենտրոնական հատվածներում։