Հուլիսի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի ԶՈւ զորամասերից մեկում Թուրքիայի ԶՈւ զինծառայողները սխալմամբ կրակել են մեկ այլ զինծառայողների խմբի վրա, արդյունքում 1 զինծառայող սպանվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Ըստ աղբյուրի՝ զինծառայողները կարծել են, որ մյուս զինծառայողները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ են, որոնք փորձում են մտնել զորամաս։ Սպանվել է զինծառայող, պայմանագրային շարքային Սեմիհ Աքդենիզը։
Նշենք, որ զինված բախումների դեպքերում, պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ուժային կառույցներում աճում է նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը։
Միևնույն ժամանակ նշենք, որ Թուրքիայի ուժային կառույցները հուլիսի 21-ից սկսած ռազմական նոր գործողություններ են իրականացնում Հաքքարի, Վան, Շրնաք նահանգներում։
Թուրքիայի ուժայինների և PKK-ի զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից։ Բախումները հիմնականում ընթանում են արևելյան և հարավարևելյան նահանգներում, ինչի արդյունքում էլ մեծ նյութական վնասներ են կրել այդ նահանգների մեծ մասը։