Պարսից ծոցում նավերի միջադեպի համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Հուլիսի 25-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Thunderbolt պարեկային նավը մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել իրենից 137մ հեռավորության վրա գտնվող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ ամերիկյան կողմի հայտարարության՝ նախազգուշացնող կրակն արձակվել է այն բանից հետո, երբ ԻՀՊԿ նավը չի արձագանքել ամերիկյան կողմի ազդանշաններին և շարունակել է մոտենալ ամերիկյան նավին։ Նախազգուշացնող կրակից հետո ԻՀՊԿ նավը դադարել է մոտենալ  USS Thunderbolt նավին։

Իրանը նույն օրը արձագանքել է այս միջադեպին՝ այն անվանելով ԱՄՆ կողմից սադրիչ քայլ։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ Պարսից ծոցի հյուսիսում ամերիկյան նավը մոտեցել է հերթապահություն իրականացնող ԻՀՊԿ նավին և «սադրելու ու վախեցնելու» նպատակով կրակել է նավի ուղղությամբ։

ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև նմանատիպ միջադեպեր հաճախ են գրանցվում։ Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ Իրանը լազերային զենք է կիրառել ամերիկյան նավերին ուղեկցող ուղղաթիռի ուղղությամբ, սակայն Իրանը հերքել էր այս լուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *