Մոսուլի ազատագրման ընթացքում զոհվել և վիրավորվել է Իրաքի ԶՈւ մոտ 20000 զինծառայող. Իրաքի փոխնախագահ

Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար Իրաքի զինված ուժերում և ոստիկանությունում զոհվածների և վիրավորվածների թվաքանակը հասնում է մոտ 20000-ի: Այս մասին հայտնել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

Իրաքի կառավարական բանակը շարունակում է մարտերը ԻՊ դեմ Մոսուլ քաղաքը ամբողջովին ազատագրելու համար

Իրաքի կառավարական բանակը շարունակում է մարտերը ԻՊ դեմ Մոսուլ քաղաքը ամբողջովին ազատագրելու համար

Նա նաև հայտարարել է, որ հաղթանակը դեռ վերջնական չէ, քանի որ քաղաքում դեռ կան որոշ հատվածներ, որտեղ թաքնվում են ԻՊ զինյալները: Ըստ նրա՝ ԻՊ զինյալների խմբեր կան նաև մայրաքաղաք Բաղդադում և երբեմն էլ զինյալները ահաբեկչական գործողություններ են իրականացնում Քերբելա քաղաքում:

Իրաքի փոխնախագահի գնահատմամբ՝ երկրում դեռևս գործում է «Իսլամական պետության» մոտ 3000-5000 զինյալ, մոտ 2000-3000 զինյալ էլ սպանվել է զինված ուժերի, ոստիկանության և «Հաշդ ալ-շաաբի» («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ջոկատների դեմ մարտերում:

Անդրադառնալով Իրաքում այլ երկրների ռազմաբազա տեղակայելու հարցին՝ փոխնախագահը հայտարարել է, որ Իրաքի հասարակությունը դեմ է երկրում ցանկացած այլ պետության ռազմաբազայի, այդ թվում նաև ամերիկյան ռազմաբազայի տեղակայմանը:

Մինչ այս ամերիկյան The Independent պարբերականը իր հերթին հայտնել էր, որ Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 40000 քաղաքացիական։

Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ:

2017-ի հուլիսի 9-ին հայտարարվել էր Մոսուլի վերջնական ազատագրման մասին, չնայած դրան՝ Մոսուլի որոշ թաղամասերում դեռ մարտեր են ընթանում։

Մոսուլը ահաբեկիչների ձեռքում էր 2014 թվականից։ Քաղաքը գրավելուց հետո հենց այնտեղ՝ Ալ-Նուրի մզկիթում, ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել է այսպես կոչված «խալիֆայության» ստեղծման մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *