«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունների ողջ ընթացքում սպանվել է ավելի քան 40000 քաղաքացիական։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Independent պարբերականը՝ հղում անելով քրդական հետախուզական աղբյուրներին։
Խաղաղ բնակիչները սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, ինչպես նաև իրաքյան զորքերի և ահաբեկիչների մարտական գործողությունների, ավիահարվածների հետևանքով։
ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են 2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ:
2017-ի հուլիսի 9-ին հայտարարվել էր Մոսուլի վերջնական ազատագրման մասին, չնայած դրան՝ Մոսուլի որոշ թաղամասերում դեռ մարտեր են ընթանում։
Մոսուլը ահաբեկիչների ձեռքում էր 2014 թվականից։
Հավելենք, որ, ըստ Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածների մոնիթորինգով զբաղվող Airwars.org կայքի՝ 2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից սպանվել է ամենաքիչը 4354 քաղաքացիական անձ։