Իրանում ահաբեկիչների հետ բախումներում սպանվել է մեկ զինծառայող

Հուլիսի 20-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում բախվել են ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով սպանվել է ԻՀՊԿ մեկ զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ նույն աղբյոյւրի՝ սպանվել է 3 ահաբեկիչ, ևս 4-ը վիրավորվել են, իսկ մյուսները դիմել են փախուստի։ Ահաբեկիչների ընդհանուր թիվը չի նշվում:

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ ահաբեկիչները ղեկավարվել են «օտարերկյա լրտեսական կառույցների» կողմից։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվել։

Ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային ուժերը ահաբեկչական խումբ էին վնասազերծել երկրի հյուսիսարևմտյան Քուրդիսթան նահանգում։ ԻՀՊԿ ուժերի հետ բախումների արդյունքում սպանվել էր 3 ահաբեկիչ, ձերբակալվել՝ մեկը։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը և գործի դնելով բոլոր ուժային կառույցները՝ ահաբեկիչների «որս» է սկսել։ Ահաբեկիչները հայտնաբերվում են հիմնականում երկրի հյուսիսարևմտյան և հարավարևելյան նահանգներում։ Միայն  արևմտյան Քերմանշահ նահանգում ձերբակալվել է արդեն 50-ից ավելի ահաբեկիչ, իսկ հյուսիսարևմտյան Արևմտյան Ազարբայջան նահանգում՝ 40-ից ավելի ահաբեկիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *