Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմը մոտակա օրերս կհամալրվի «11356 նախագծի» արդեն երրորդ՝ «Ադմիրալ Մարկով» ֆրեգատով: Այս մասին հայտնել է ՌԴ ՌԾՈւ սպառազինության գծով հրամանատար Վիկտոր Բուրսուկը:
«11356 նախագծով» կառուցվում են ծովային հեռավոր տարածությունների համար նախատեսված բազմանպատակային նավեր: Այդ նախագծով նավերը հիմնականում կառուցվում են Սևծովյան նավատորմի համար:
«Ադմիրալ Մարկով» նավի կառուցման աշխատանքները սկսել էին 2012-ից, իսկ առաջին անգամ նավը ջուրն էր իջեցվել 2015-ի սեպտեմբերին:
Մինչ այս նավը անցնում էր ստուգումների փուլը: «Ադմիրալ Մարկով» նավը, ինչպես Սևծովյան նավատորմում առկա և նույն նախագծով կառուցված «Ադմիրալ Գրիգորովիչ» և «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատները, զինված է թևավոր «Կալիբր» հրթիռներով:
Նշենք, որ Ռուսաստանը հենց այս նավերից է «Կալիբր» հրթիռներով հարվածում Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Վերջին անգամ նման հարվածներ հասցվել են այս տարվա հունիսի 23-ին: