Կատարը շրջափակած երկրների ներկայացրած պահանջները զուրկ են որևէ հիմքից. Կատարի ԱԳՆ

Հունիսի 27-ին Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամադ բին Աբդուլռահման ալ-Սանին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ արաբական երկրների պահանջները պետք է լինեն իրատեսական և կիրառելի, ցանկացած այլ տիպի պահանջ կմերժվի: Փոխանցում է Կատարի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Կատարի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին. հունիսի 27, 2017թ.

Կատարի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին. հունիսի 27, 2017թ.

«Կատարը շրջափակած երկրների ներկայացրած պահանջները զուրկ են որևէ հիմքից: Բանակցությունները իրական կամք և պահանջները հաստատող ապացույցներ են պահանջում», – ասել է Կատարի ԱԳ նախարարը:

Կատարի արտգործնախարարը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ: Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ինչպես Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամին և դրանից դուրս գալուն, այնպես էլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Հունիսի 27-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը, որը նույնպես այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ իրենք արել են առաջին քայլը, մնացածը արդեն Կատարը պետք է որոշի: Փոխանցում է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքը:

«Մենք մեր առաջարկը արել ենք, մեր քայլը արել ենք, մնացածը արդեն Կատարի գործն է: Եթե կփոխի իր վարքագիծը, ապա գործը առաջ կգնա, եթե ոչ, ապա նրանք կմնան մեկուսացված», – ասել է Ադել ալ-Ջուբեյրը

Հիշեցնենք. որ հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտնել է, որ արաբական երկրների ներկայացրած պահանջներից որոշները դժվար կլինի բավարարել, սակայն այդ պահանջները Կատարի ճգնաժամը հարթելու համար բանակցությունների հիմք են ստեղծում:

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Պահանջներն ամբողջությամբ այստեղ

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

Արաբական երկները իրենց արարքը մեկնաբանում են նրանով, որ Կատարը աջակցում է ահաբեկչական կառույցներին: Սակայն Կատարի ճգնաժամը պայմանավորված չէ միայն ահաբեկչական կառույցների հետ: Այն կապված է տարածաշրջանում ավելի խորքային խնդիրների, մասնավորապես ԱՄՆ-Իրան, Իրան-Սաուդյան Արաբիա հակասությունների, ինչպես նաև իսլամական աշխարհի տարբեր ճյուղավորումների և գաղափարական տարբերությունների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *