Թուրք-քրդական բախումներում սպանվել է ժանդարմերիայի 3 զինծառայող և 1 ոստիկան

Հունիսի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են ժանդարմերիայի զինծառայողների վրա: Արդյունքում վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է 3 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ

Զինծառայողները ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակին կից զորամասին սննդամթերք տանելիս են եղել: Միջադեպից հետո PKK-ի զինյալներին գտնելու համար Թուրքիայի ուժային կառույցները ռազմական գործողություններ են սկսել Ուլուդերե գավառում:

Մեկ այլ միջադեպի ժամանակ՝ հունիսի 28-ին, Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի դեմ ժանդարմերիայի և ոստիկանական ուժերի համատեղ գործողությունների ժամանակ սպանվել է 1 ոստիկան: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից սկսած: Բախումներն ուղեկցվում են երկուստեք մարդկային և նյութական կորուստներով: Վերջին 3-4 օրում բախումների հետևանքով թուրքական բանակի կորուստների թիվը հասել է 6-ի:

Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ միայն հունիսի 15-22-ին PKK դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 10 զինծառայող, ևս 36-ը վիրավորվել է:

2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներ ավերակների են վերածվել, տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *