Հունիսի 27-ին անցկացված ՀՀ ԱԱԽ նիստում չի քննարկվել Սիրիայի հետ կապված որևէ լրացուցիչ ծրագիր։ Հայաստանը Սիրիայի հիմնախնդրի լուծմանը մասնակցում է հումանիտար օգնությամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարար Սարգսյանը նշեց, որ առհասարակ քննարկում չկա Հայաստանից Սիրիա բանակի ստորաբաժանումներ ուղարկելու վերաբերյալ։
Նախարարի խոսքով՝ ինքը հնարավոր է համարում պայմանների բավարարման դեպքում Սիրիա հայկական ստորաբաժանումների ուղարկումը, սակայն դրա մասին քննարկում դեռ չկա։
Հայաստանը դեպի Սիրիա հումանիտար օգնություն է ուղարկում 2017 թվականի սկզբից: Վերջին անգամ նման օգնության միանգամից երկու խմբաքանակ Սիրիա է ուղարկվել հունիսի սկզբին:
Ինչ վերաբերում է Լիբանանում հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների քանակի ավելացման մասին խոսակցություններին, նախարարը նշեց, որ նման ծրագիր չկա: Լիբանանում խաղաղապահների քանակը չի մեծացվում։
Ներկայում Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանն ընդգրկված է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի մեկ դասակ՝ 30-32 զինծառայող կազմով: Վերջին անգամ Լիբանանում հայկական խաղաղապահ ուժերի փոխարինումը եղել է հունիսի սկզբին: