ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագիրը կգործի արդեն այս զորացրման ժամանակ

«Դիտակետ» ծրագրի շրջանակում արդեն ՀՀ ԶՈւ այս զորացրման ժամանակ զորացրվող յուրաքանչյուր զինծառայողի տուն կայցելի սոցիոլոգ՝ շատ մանրամասն հարցաթերթով: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը երաշխավորեց, որ հարցումը բացարձակ անանուն է լինելու.

«Մենք չենք պահպանելու մեր տվյալների բազայում յուրաքանչյուր հարցաթերթիկի պատասխանող զինծառայողի անձնական տվյալը, անունը, բայց ֆիքսելու ենք զորամասը, որտեղ ինքը ծառայել է, և բավականին մանրամասն հարցաթերթիկով՝ շուրջ 50 հարց, փորձելու ենք լիարժեք գնահատել յուրաքանչյուր զորամասի բոլոր առկա խնդիրները՝ սկսած մարտական պատրաստության, ներսում փոխհարաբերությունների, հրամանատարության հետ շարքային ժամկետային զինծառայողների փոխհարաբերությունների միջև ոչ կանոնադրական հարաբերություններ, կենցաղային պայմաններ, արդարության խնդիրներ զորամասում»:

Նախարարի խոսքով՝ ավտոմատացված համակարգով այդ տվյալները հավաքվելու են կենտրոնացված սերվերի վրա, և սեպտեմբերի մեկին իրենք կարողանալու են «զորամաս առ զորաամաս տեսնել պատկերը»:

«Սեպտեմբերին ես անդրադարձ կանեմ այդ ծրագրով ստացված տվյալներին և տվյալների այն մասը, որ հասարակությանը ներկայացնելու համար բաց է լինելու, մանրամասն կներկայացնեմ», — նշեց Վիգեն Սարգսյանը:

Իսկ «զգայուն» տեղեկատվություն պարունակող տվյալների հիման վրա, ըստ նախարար Սարգսյանի, ներքին քննարկումների միջոցով կատարվելու են եզրահանգումներ և ընդունվելու որոշումներ, որոնք կբարձրացնեն զինված ուժերի կառավարման արդյունավետությունը:

Նախարարը նաև հայտնեց, որ այսօր կնքվելու է փոխընբռնման հուշագիր:

Ավելի ուշ ՀՀ նախագահի կայքը հայտնեց, որ Հանրապետության Նախագահը մայրաքաղաքում այցելել է նաև «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի նորակառույց գրասենյակ և ներկա  է գտնվել փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողությանը՝ պաշտպանության նախարարության և «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջև՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Ավելի վաղ Ռազմինֆոն «Դիտակետ» ծրագրի մասին զրուցել էր ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետի հետ, ով հայտնել էր, որ հնարավոր զարգացումները, որ կարող էին տեղի ունենալ, «Դիտակետ» ծրագրի միջոցով հնարավոր կլինի բացահայտել: 

Կենտրոնի պետը նշել էր, որ ծրագիրն ամենայն հավանականությամբ իրականացվելու է  մասնագիտացված սոցիոլոգիական կազմակերպության կողմից, արդյունքների հիման վրա կստացվի որոշակի պատկեր զորամասում առկա խնդիրների և դրանց բնույթի մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը «Դիտակետ» ծրագիրն առաջին անգամ ներկայացրել է զորացրված և ժամկետային զինծառայողների հետ մայիսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արցախում անցկացված հանդիպման ընթացքում:

«Դիտակետ» ծրագրի շրջանակներում բոլոր զորացրված զինծառայողները հնարավորություն կստանան սոցհարցման միջոցով գնահատել զինվորական համակարգը, ծառայության պայմանները, արդյունավետությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *