Իրանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներ են ձերբակալվել

Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը երկրի կրոնական քաղաքներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների են ձերբակալել։ Այս մասին հունիսի 24-ին  հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ահաբեկիչներից առգրավվել են պայթուցիկ նյութեր, Կալաշնիկովի ավտոմատներ, Beretta հրացաններ և այլ զինամթերք։

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Նշենք, որ Իրանի կրոնական խոշոր քաղաքներից են Ղոմը և Մաշհադը։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ահաբեկիչներին աջակցելու և ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը և գործի դնելով բոլոր ուժային կառույցները՝ ահաբեկիչների «որս» է սկսել։ Ահաբեկիչները հայտնաբերվում են հիմնականում երկրի հյուսիսարևմտյան և հարավարևելյան նահանգներում։ Միայն  արևմտյան Քերմանշահ նահանգում ձերբակալվել է արդեն 50-ից ավելի ահաբեկիչ, իսկ հյուսիսարևմտյան Արևմտյան Ազարբայջան նահանգում՝ 40-ից ավելի ահաբեկիչ։

Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին: Հրթիռային հարվածներից, ըստ ԻՀՊԿ հայտարարության, սպանվել է 170-ից ավելի ահաբեկիչ։

Իրանի հրթիռային հարվածներին առավել մանրամասն անդրադարձել են նաև Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի համատեղ հաղորդման ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *