ԱՄՆ նախագահի վարչակարգը հաստատել է Հնդկաստանին 22 միավոր MQ-9B հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքրեի վաճառքի գործարքը: Գործարքի մասին, սպասվում է, որ հունիսի 25-26-ի հանդիպումից հետո պետք է հայտարարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այս մասին հունիսի 24-ին հայտնել է The Washington Post պարբերականի կայքը:
Հնդկաստանին ԱԹՍ-ների վաճառքի գործարքը գնահատվում է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար: Դրանք նախտեսվում է օգտագործել հետախուզական նպատակներով և տրամադրվում է առանց բազային սպառազինության:
Գործարքը վերջնականապես ուժի մեջ կմտնի միայն ԱՄՆ Կոնգրեսում հաստատվելուց հետո:
MQ-9B ԱԹՍ.
- Երկարությունը՝ 11մ է,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4760կգ,
- Թևերի բացվածքը՝ 20մ,
- Բարձրությունը՝ 3,8 մետր,
- Առավելագույն արագությունը՝ 482կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը՝ շուրջ 15 կմ է։
- Սպառազինությունը՝ մինչև 14 կառավարվող հրթիռ։
Ամերիկյան պարբերականը հայտնում է, որ սկսած 2008 թվականից, Հնդկաստանը ԱՄՆ-ի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 15 մլրդ դոլարի պայմանագրեր: Այդ թվում պայմանագրերում ներառված են՝ C-130J և C-17 բեռնատար ինքնաթիռներ, P-8I ծովային պարեկության ինքնաթիռներ, Harpoon հրթիռներ և Apache ու Chinook ուղղաթիռներ:
Հավելենք, որ Հնդկաստանը ռազմական գնումների ոլորտում ակտիվ համագործակցում է նաև Ռուսաստանի հետ: ԱՄՆ այցի նախաշեմին Հնդկաստանի վարչապետը նշել էր, որ Ռուսաստանի հետ համաձայնեցնում են զենքի վաճառքի 10 մլրդ դոլար արժողությամբ գործարքի վերջին կետերը: