Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 2 ուժային, վիրավորվել ևս 3-ը

Հունիսի 25-26-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել ևս 3-ը:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Հունիսի 26–ին Թուրքիայի արևելյան Էլազիգ նահանգի Քարաքոչանը գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, վիրավորվել է 2 զինծառայող, որոնցից մեկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Հունիսի 25-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի զինյալները կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, ինչի արդյունքում 1 ուժային վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է:

Նույնը օրը Թուրքիայի սևծովյան Տրապիզոն նահանգի Մաչկա գավառում PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողների անցման ժամանակ, արդյունքում վիրավորվել է 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ 2017-ի գարնանից թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են, որոնք ուղեկցվում են երկուստեք մարդկային և նյութական կորուստներով: Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ միայն հունիսի 15-22-ի Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 10 զինծառայող, ևս 36-ը վիրավորվել է, «շարքից հանվել է» քրդական կառույցի 53 զինյալ:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: 2 տարի շարունակվող թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավում և արևելքում մի շարք բնակավայրեր են ավերվել, տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *