Կանադան հրաժարվում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնել

Կանադայի կառավարությունը հրաժարվում է «F-35 Lightning II» կործանիչներ գնելու մտքից: Որպես պատճառ նշվում է KPMG ֆինանսական ընկերության հաղորդագրությունը, համաձայն որի գործարքի արժեքը 30 միլիարդ դոլար պիտի լիներ, ինչը չափից թանկ է համարվել: Այդ մասին հաղորդում է կանադական «Ottawa Citizen» լրատվակայքը:

Կանադայի որոշումը կարող է ազդել 9 այլ երկրների վրա, որոնք ցանկություն են հայտնել F-35 ձեռք բերել, քանի որ, եթե պետություններից մեկը հրաժարվում է գնելուց, ապա աճում է ինքնաթիռի արժեքը մնացած պոտենցիալ գնորդների համար:

Կանադայի ռազմաօդային ուժերը ներկայումս կիրառում են CF-18 կործանիչներ, որոնց շահագործման ժամկետը լրանալու է 2020թ:

Գարնանը Կանադայի գլխավոր աուդիտորը հայտարարել էր, որ գործարքի հրապարակված նախնական արժեքը, ըստ որի Կանադան 65 կործանիչի համար պիտի վճարեր 9 մլրդ դոլար (կամ 15 մլրդ՝ հաշվի առնելով նաև սպասարկման ծախսերը), 10 միլիարդ դոլարով քիչ էր գնահատվել:

Քննադատները նշել են, որ նույնիսկ 25,1 մլրդ դոլարը բավական չէ, քանի որ կառավարությունը ենթադրում է կործանիչները շահագործել 20 տարի, այն դեպքում, երբ արտադրողը՝ «Լոքհիդ Մարտին» ընկերությունը դրանց շահագործման ժամկետը նշում է մինչև 36 տարի:

Համաձայն որոշ աղբյուրների` KPMG-ի հաջորդ շաբաթ հրապարակվելիք աուդիտի արդյունքները հաստատում են այն կարծիքը, որ F-35-երի գնումը շատ ավելի թանկ է, քան նախկինում գնահատել է կառավարությունը: Խորհրդարանում բյուջեյի հարցերով մասնագետ Քեվին Փեյջը կանխատեսում է 30 միլիարդ դոլարի ծախս շահագործման 30 տարվա համար:

Բացի F-35-ից ներկա CF-18 կործանիչը կարող է փոխարինվել նաև ամերիկյան Boeing F18 Super Hornet, ֆրանսիական Dassault Rafale, շվեդական Saab JAS 39 Gripen և եվրոպական Eurofighter Typhoon ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ հունվարին Իտալիան հայտարարել էր, որ 1/3-ով կրճատելու է նախատեսված 131 F-35-երի գնումը, ինքը պայմանավորված է կառավարության ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ:

Սկզբնաղբյուր. The Ottawa Citizen

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *