Հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Շիրվան քաղաքում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Շարղ» գիտահետազոտական ընկերության՝ նռնականետների զինամթերքի արտադրության գործարաններ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
- «Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Շարղ» գիտահետազոտական ինստիտուտի» MSGL «Ռեվոլվեր» տիպի ձեռքի նռնականետի զինամթերքի գործարան.
Նշվում է, որ գործարանում արտադրելու են նշված նռնականետի տարբեր տեսակի նռնակներ:
- Տրամաչափը՝ 40մմ,
- Զանգվածն առանց նռնակների՝ 6,7 կգ,
- Երկարությունը հավաքված՝ 525մմ,
- Երկարությունը՝ (խզակոթը բացած)՝ 764 մմ,
- Հեռահարությունը՝ մինչև 400մ,
- Կրակի տեմպը՝ 12 կրակոց/րոպե,
- Նռնակի թռիչքի սկզբնական արագությունը՝ 75 մ/վյրկ:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ադրբեջանում արտադրելու են նշված նռնականետների բեկորային, կումուլյատիվ-բեկորային, լուսավորող (պարաշյուտով իջնող) նռնակներ, ծխագլաններ:
Գործարանում կա 40 աշխատող: Տարեկան մեկ հերթափով աշխատելու դեպքում նախատեսվում է արտադրել 15 հազար նռնակ: Թեև Ադրբեջանի նախագահի կայքի հայտարարությունում նշվում, որ նռնակները իրենցն են, սակայն այդ մասին հավելյալ տեղեկություն չհաջողվեց գտնել:
Նշված տեսակի նռնականետներ արտադրում է բուլղարական «Արսենալ» ընկերությունը: Բաց աղբյուրներում Բուլղարիայից նռնականետներ գնելու, առավել ևս՝ Ադրբեջանում հավաքելու մասին տեղեկություններ չի հաջողվել գտնել: Փոխարենը 2014 թ. Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ Ադրբեջանում «մինչև տարվա վերջ [2014 թ.՝ խմբ.]» շահագործվելու է արկերի, նռնակների արտադրության 7-8 գործարան, այդ թվում՝ 40 մմ տրամաչափի «Ռեվոլվեր» տիպի նռնականետների:
Սակայն շվում էր, որ նման համաձայնության հասել են սերբական ընկերության հետ: Իսկ ավելի վաղ՝ 2013 թ., ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ համաձայնություն կա սերբական Zastava Arms ընկերության հետ: Իսկ նշված ընկերության կայքում հասանելի տեղեկության համաձայն՝ այդ ընկերությունն արտադրում է այլ մարտավարատեխնիկական տվյալներով M93 տիպի նռնականետ:
2. RPG-7V2 ձեռքի հակատանկային նռնականետի նռնակների արտադրության գործարան.
Նույն օրն Ադրբեջանի նախագահն այցելել է նաև խորհրդային/ռուսաստանյան արտադրության ՌՊԳ-7Վ2 ձեռքի հակատանկային նռանականետների նռնակների արտադրության գործարան:
Ըստ հաղորդագրության՝ գործարանում արտադրվելու է 4 տեսակի՝ բեկորային, կումուլյատիվ-տանդեմային*, տերմոբարիկ, իներտ (ուսումնական, առանց մարտական լիցքի) նռնակներ: Նշվում է, որ այս նռնակների առավելագույն հեռահարությունը մինչև 700 մ է, ինչը համապատասխանում է բազային «ՌՊԳ»-ի հեռահարությանը:
Նշված տարբերակը Ռուսաստանում արտադրվում է 2001 թվականից: Ադրբեջանում այդ նռնականետների արտադրության մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են դեռևս 2012 թ.:
* Տանդեմային հթրիռներն ունեն երկու լիցք: Հրթիռի առաջին լիցքը նախատեսված է դինամիկ զրահը վնասազերծելու, իսկ արդեն երկրորդը՝ հիմնական զրահը ծակելու և «ներս թափանցելու» համար:
Հիշեցնենք, որ Շիրվանի մոտ է տեղակայված նաև Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Արազ» գործարանը, որտեղ արտադրում են տարբեր տրամաչափի արկեր, ականներ ևն: Նույն գործարանի տարածքում կա նաև անպիտան զինամթերքի ուտիլիզացիայի կենտրոն, որտեղ 2016 թ. խոշոր պայթյուն էր եղել:
One response to “Ադրբեջանում բացվել են ձեռքի նռնականետների զինամթերքի արտադրության արտադրամասեր”