Այսօր՝ հունիսի 19-ին, Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որին ներգրավվել է շուրջ 23 հազար զինծառայողի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին դեռ հունիսի 16-ին: Զորավարժությունը պլանային բնույթ է կրում և ավարտվելու է հունիսի 24-ին: Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությանը ներգրավված է.
- 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա,
- 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետներ,
- 30 միավոր մարտական ավիացիա,
- ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր,
- անօդաչու թռչող սարքեր:
Նմանատիպ խոշոր զորավարժություն անցկացնելիս ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած միջազգային համաձայնությամբ Ադրբեջանը պարտավոր է դրա մասին տեղեկացնել համաձայնության մասնակից մյուս երկրներին, այդ թվում և Հայաստանին:
Սակայն ինչպես նախորդ զորավարժությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Ադրբեջանը չի կատարել միջազգային պարտավորությունը: Այս մասին մեզ հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այս ամիս Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին զորավարժություն է անցկացրել նաև Նախիջևանում, որին ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի շուրջ 5000 զինծառայող, 250-ից ավելի զինտեխնիկա, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ մեկ դասակ:
Ավելացնենք, որ Ադրբեջանը վարժանքներ էր անցկացրել նաև 2017 թ. ապրիլին, ինչին ներգրավվել էր 30 հազար զինծառայող:
One response to “Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն”