Ապրիլի 21-ին Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում անցկացված կոլեգիայի նիստում ամփոփել են ապրիլի 16-ին մեկնարկած զորավարժության արդյունքները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունը մեկնարկել էր ապրիլի 16-ին: Նույն տվյալներով՝ զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա:
Արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել էր, որ, ինչպես և նախորդ տարի անցկացված խոշոր զորավարժության դեպքում, այս մեկը ևս անցկացվել է (1, 2) միջազգային պայմանավորվածությունների խախտումներով:
Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ:
Ընդհանուր առմամբ, դատելով Ադրբեջանի ՊՆ տրամադրած լուսանկարներից, տեսանյութերից, զորավարժության կրակային փուլին ներգրավված են եղել.
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- Տ-72 տանկեր,
- Դ-30 հաուբիցներ,
- «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից,
- «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ,
- ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ,
- Մի-24 ուղղաթիռներ,
- Սու-25 ինքնաթիռներ:
Ավելացնենք, որ նմանատիպ լայնածավալ վարժանքներ Ադրբեջանը վերջին ժամանակներում անցկացնում է գրեթե ամեն տարի:
Մասնավորապես, 2016 թ. հունիսի 19–24-ին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացվել սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանում։ Ներգրավվել էշուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, հրթիռային տեխնիկա, ավիացիա, ՌԾՈւ և ՀՕՊ տեխնիկա: Նախիջևանում անցկացված վարժանքը կրում էր «հակահարձակողական», իսկ Արցախին սահմանակից շրջաններում անցկացված մարտական կրակով հիմնական փուլը՝ «հարձակողական» բնույթ:
Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանի բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է խոշորամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում է շուրջ 60 հազար զինծառայող, այդ թվում նաև՝ Նախիջևանի առանձին համազորային բանակից: