Այսօր՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում, համաձայն տարածված հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում առկա համագործակցության խորացումը:
Գեներալ Չոլաքն անդրադարձել է Նախիջևանում մեկնարկած համատեղ վարժանքներին: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին:
Հասանովի և Չոլաքի հանդիպումից այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսին այդ պաշտոնին նշանակվելուց շատ չանցած՝ նոյեմբերի 16-ին, գեներալ Չոլաքը առաջին անգամ այցելել էր Ադրբեջան, հանդիպել Հասանովին, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետին (1, 2)
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքներ: Թուրքիայից այդ զորավարժությանը ներգրավվել է հետևակային 1 դասակ: