Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, սահմնապահ զորքերի հրմանատար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության կայքում։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ Գուլիևին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի միջև համագործակցության ամրապնդմանը և դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև սահմանպահ ծառայության ոլորտում փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների անցկացման և նմանաբնույթ այլ հարցեր։
Գուլիևը թուրք գեներալին տեղեկացրել է նաև այդ երկրի սահմանապահ ծառայության, սահմանի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Զալիհ Զեքի Չոլաքի եռօրյա այցը Ադրբեջան մեկնարկել է նոյեմբերի 16-ին։ Այցի շրջանակներում Չոլաքը նոյեմբերի 17-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։
Նշենք, որ Զալիհ Զեքի Չոլաքն իր ներկայիս պաշտոնին է նշանակվել այս տարվա օգոստոսի 5-ին։ Նկատենք նաև, որ վերջին շրջանում Թուրքիայի ռազմական բարձրաստիճան սպաներն ավելի հաճախ են այցելում Ադրբեջան։ Հոկտեմբերի 5-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին և ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակի սրման հերթական ալիքից ու մասնավորապես հայկական կողմի պատժիչ գործողություններից հետո, պաշտոնական այցով Ադրբեջան մեկնեց նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը։