Ռուսաստանը և Ֆրանսիան համատեղ գործողություններով պայքարելու են ԻՊ-ի դեմ

Նոյեմբերի 18-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապալովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը համատեղ գործողություններ կիրականացնեն ֆրանսիական ռազմածովային ուժերի հետ ընդդեմ ԻՊ-ի։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան TACC լրատվական գործակալությունը։

Ֆրանսիական «Շարլ դե Գոլլ» ռազմանավը։»

Ֆրանսիական «Շարլ դե Գոլլ» ռազմանավը»

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսաստանյան զինված ուժերը հակաահաբեկչական պայքարում կհամագործեն ֆրանսիական ռազմածովային ուժերի հետ։ Ֆրանսիական «Շարլ դե Գոլլ» ավիակիր ռազմանավի ժամանմամբ կսկսվեն համատեղ գործողությունները»,- ասել է Կարտապալովը։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտնել էր, որ «Շարլ դե Գոլլ» ռազմանավը նոյեմբերի 19-ին դուրս է գալու Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի ափին գտնվող Տուլոն քաղաքի ռազմական նավահանգստից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել միջազգային ահաբեկչության դեմ երկկողմ համագործակցության ակտիվացման մասին:

Կողմերը մասնավորապես պայմանավորվել են ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների ավելի սերտ կապեր ապահովել Սիրիայում երկու երկրների հակաահաբեկչական պայքարում: Այս հարցերի վերաբերյալ առավել մանրամասն զրույց կողմերը պայմանավորվել են անցկացնել Մոսկվայում նոյեմբերի 26-ին։ (Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ բանակցությունների համար Ֆրանսիայի նախագահն այցելելու է Մոսկվա և Վաշինգթոն):

Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահ հաղորդագրության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում խորհրդակցություն էր անցկացրել Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունների վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը Միջերկրական ծովում ռուսաստանյան նավատորմի ղեկավարին հայտնել է, որ նրանց ուղղությամբ շարժվում է ֆրանսիական ռազմանավերի խումբ՝ ավիակրի գլխավորությամբ, և որ այդ խմբի հետ պետք է ուղիղ կապ հաստատել և աշխատել որպես դաշնակից:

Նույն խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարությունը երկրի նախագահին զեկուցել է «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ռազմավարական ավիացիայի հասցրած հարվածների մասին: Նշվել է, որ ռազմավարական ավիացիան ներգրավվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարության համաձայն, որով վերջինս կարգադրել էր ուժեղացնել ավիահարվածներն ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Պուտինի այդ հրահանգը եղել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը եղել է ահաբեկչությունը:

Տեսանյութում ներկայացված են ՌԴ ռազմավարական ավիացիայի հարվածները «Իսլամական պետության» դիրքերին (17 նոյեմբերի, 2015թ.):

Ավելացնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչությունից և այն բանից հետո, երբ պարզվեց, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը ահաբեկչությունն է, Ֆրանսիան և Ռուսաստանն ակտիվացրել են իրենց գործողությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

One response to “Ռուսաստանը և Ֆրանսիան համատեղ գործողություններով պայքարելու են ԻՊ-ի դեմ

  1. Pingback: Ֆրանսիայի ԶՈւ ավիակիրն առաջին գործողություններն է սկսել ԻՊ դեմ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *