ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային շուրջ 662 մլն ԱՄՆ դոլարի AN/TPQ-53(V) ռադարային համակարգերի և հավելյալ սպառազինության հնարավոր վաճառքի նախագծին: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է մարզել Սաուդյան Արաբիայի ԶՈւ անձնակազմը:
Սաուդական կողմը ԱՄՆ-ից պատվիրել էր 26 միավոր AN/TPQ-53(V) ռադարներ և համակարգերը համար այլ սպառազինություն և զինամթերք:
Նշված ռադարային համակարգերը արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը: Դրանք մաս են կազմում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ընդհանուր համակարգերի և նախատեսված են հակառակորդի օդային թիրախները հայտնաբերելու, տեսակավորելու և ուղեկցելու համար:
Սրանից բացի, ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համար վերապատրաստման ծրագրեր և վարժանքներ անցկացնելու նախագիծին: Այն գնահատվում է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար:
Ծրագրի մեջ մտնում են երկրում և երկրից դուրս ռազմական կրթության, մասնագիտական կրթության, թռիչքային վարժանքների, ինչպես նաև անգլերեն լեզվի ուսուցման և այլ ծրագրեր:
Նշված երկու ծրագրերն էլ դեռ պետք է արժանանան ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 20-ին ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև կնքնվել է զենքի արտահանման խոշորագույն գործարք: Գործարքը գնահատվում է 110 միլիարդ դոլար: