ԱՄՆ-ն ներկայում բացառում է Կատարի ավիաբազայից իր զինուժի դուրսբերումը

Հունիսի 6-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարուղար Հիզեր Վիլսոնը հայտարարել է, որ մտահոգված չէ Կատարի օդուժի «Ալ Ուդեիդ» ավիաբազայում տեղակայված ԱՄՆ զորախմբի խնդրով, չնայած նրան, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, ԱՄԷ-ն և այլ պետություններ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Վիլսոնը նաև նշել է, որ այս պահին Կատարի ավիաբազայից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերման ոչ մի վտանգ չկա և ԱՄՆ-ն գործողությունները շարունակվում է առանց դադարի:

ԱՄՆ օդուժի կենտրոնական հրամանատարության խոսնակ, փոխգնդապետ Դամիեն Փիքարթն էլ հայտարարել է, որ Կատարի շուրջ առաջացած ճգնաժամը ոչ մի ազդեցություն չի ունեցել ԱՄՆ-ի գործողությունների վրա և բոլոր թռիչքները ավիաբազայից իրականացվում են ըստ պլանի:

«Միացյալ Նահանգները և «Իսլամական պետության» դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիան երախտապարտ են Կատարին իրենց երկարաժամկետ աջակցության և տարածաշրջանային անվտանգության նպաստելու համար», — ասել է փոխգնդապետը:

Կատարի շուրջ առաջացած ճգնաժամում այդ երկրին իրենց աջակցությունն են հայտարարել Իրաքն ու Իրանը: Տարածաշրջանային երկրներից Թուրքիան կողմերին կոչ է արել հարցը լուծել բանակցությունների միջոցով: Նույնատիպ հայտարարություններ են արել նաև Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Յեմենը, Բահրեյնը և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Հորդանան էլ հայտարարել է, որ իջեցնելու է իր դիվանագիտական ներկայացչության մակարդակը Կատարում: Բացի դիվանագիտական հարաբերությունների խզումից, այս երկրները կտրել են նաև ցամաքային, ջրային և օդային կապը Կատարի հետ:

Նշենք, որ Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան տեղակայված է մայրաքաղաք Դոհայում: Այնտեղ գործում են ինչպես Կատարի օդուժի, այնպես էլ Միացյալ Նահանգների օդուժի և «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի զինծառայողներ և ստորաբաժանումներ:

Կատարի շուրջ ծավալված ճգնաժամի շուրջ ծավալված մանրամասները այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *