Աստանայում մեկնարկում են Սիրիայի հարցով հերթական բանակցությունները

Մայիսի 3-4-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվեն սիրիական հակամարտության հարցով հերթական բանակցությունները՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի գլխավորությամբ: Բանակցային գործընթացին կներգրավվեն Սիրիայի կառավարության, զինված ընդդիմության ներկայացուցիչներ: Սիրիական զինյալների ներկայացուցիչները մայիսի 2-ին ժամանել են Աստանա. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից (արխիվ)

Սիրիական զինյալների պատվիրակությունը կրկին ղեկավարում է Մուհամեդ Ալուշը: Վերջինս, դատելով նախկինում տարածված տեղեկություններից, անմիջական կապեր ունի Թուրքիայի հետ: Մասնավորապես 2014 թ. դեկտեմբերին սիրիական մի շարք խմբավորումներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ գործելու համար «կոալիցիոն» ուժեր էին ստեղծել: Հատկանշական է, որ տվյալ նիստն անցկացվել էր Թուրքիայի տարածքում:

Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, Աստանա էր ժամանել Սիրիայի կառավարական պատվիրակությունը՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի գլխավորությամբ: Բանակցություններին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Բանակցություններն անցկացվում են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Այդ երկրները հանդիսանում են նաև Սիրիայում կառավարական ուժերի և բանակցություններին ներգրավված զինյալ խմբավորումների միջև հրադադարի պահպանման երաշխավորներ:

Ղազախստանյան բանակցային գործընթացին ներգրավված չեն միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված կառույցները, ինչպիսիք են՝ «Իսլամական պետությունը», «Ալ-Նուսրայի ճակատը»:

Մինչ հիմնական փուլի մեկնարկը հանդիպումներ կանցկացնեն մասնակից երկրների և կողմերի փորձագետները՝ բանակցային գործընթացի հետ կապված մի շարք հարցեր, խնդիրներ հստակեցնելու համար: Նշենք, որ Սիրիայի հարցով հիմնական բանակցությունները միջազգային ավելի լայն ֆորմատով ընթանում են Ժնևում: Սակայն երկու դեպքում էլ Թուրքիայի գործուն միջամտությամբ չեն մասնակցում Սիրիայի քրդերը, ովքեր այսօր վերահսկում են զգալի տարածքներ ու ռազմական լուրջ ներկայություն ունեն այդ երկրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *