Ասադի դեմ պայքարող ուժերը հիմնել են «Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհուրդ»

Նոյեմբերի 27-29-ին Թուրքիայի` Սիրիային սահմանակից Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում 72 հակաասադական զինյալ խմբավորումներ անցկացրել են ժողով, որի ժամանակ հիմնել են «Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհուրդ»: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի նիստ

Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի նիստ

Սրան նախորդել էր 2014-ի օգոստոսի 3-ին Սիրիայի հյուսիս-արևմուտյան Իդլիբ քաղաքում իսլամիստական մի շարք խմբավորումների՝ այդ թվում նաև «Մուսուլման եղբայրների ասոցացիա», «Սիրիայի հեղափոխական ճակատ», «Հարաքաթ Հազմ», «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումների ղեկավարների հավաքը, որի ժամանակ էլ նրանք առաջարկել են միացյալ խմբավորում ստեղծել՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարելու համար։

Չորս ամիս անց՝ նոյեմբերի 29-ին,  խմբավորումները՝ բացառությամբ «Սիրիայի ազատ բանակի», այդ նպատակով ստեղծում են կազմակերպություն: Նշվում է, որ «Սիրիայի ազատ բանակը» այս հավաքին չի մասնակցել, քանի որ այն թուլացել էր և գտնվում է կազմալուծման շեմին:

Նախնական տվյալներով սիրիական ազդեցիկ խմբավորումներից ժողովին չի մասնակցել նաև «Ալ Նուսրա ճակատ» իսլամիստական ծայրահեղ արմատական խմբավորումը, որը 2013-ին առանձնացել է «Սիրիայի ազատ բանակ»-ից և կազմել առանձին խմբավորում: Չեն մասնակցել նաև «Իսլամական պետություն» խմբավորումը և քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատները»։

Նորաստեղծ «Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի» նորըտիր վարչական խորհուրդն ունի 219 անդամ: Ներկայացված են խմբավորումներ, որոնք գործում են երկրի տարբեր շրջաններում: Մասնավորապես 19-ը Սիրիայի հյուսիսային շրջանի խմբավորումներ են, 12-ը՝ կենտրոնական, 8-ը՝ ափամերձ, 15-ը՝ Դամասկոսի, 12-ը՝ հարավային և 7-ը՝ արևելյան։

Գերակշռում են Թուրքիային սահմանակից շրջաններում գործող խմբավորումները: Կազմակերպության ղեկավար է ընտրվել սիրիական պաշտոնաթող դատավոր Քայս Շեյխը, տեղակալ՝ Ահմեդ Ռաղեբը: Ընդհանուր առմամբ ղեկավար խորհուրն ունի 17 անդամ: Քաղաքական հանձնաժողովի նախագահ է  ընտրվել Մոհամմադ Ալլուշը, ռազմական տրիբունալի ղեկավար՝ գեներալ-մայոր Մոհամմադ ալ-Հաջ Ալին, ով մինչև 2012 թվականը ծառայել է Հորդանանի բանակում։

Կազմակերպության խորհրդի նախագահ Սուբհի ալ-Ռեֆային հայտարարել է, որ ծրագրվում է ստեղծել 7000 հոգուց բաղկացած զորաջոկատ, որը կենթարկվի կազմակերպության կենտրոնական հրամանատարությանը: Նա պարզաբանել է, որ զորաջոկատի ստեղծման համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր խմբավորում 100-հոգանոց ջոկատ տրամադրի կազմակերպության կենտրոնական հրամանատարությանը: Այն խմբավորումը, որը չի կարողանա ստեղծել նման ջոկատ և հոգալ բոլոր ծախսերը՝ կհեռացվի կազմակերպության խորհրդից։

Վարչական խորհրդի ղեկավար Սոբհի Մահմուդ Ռիֆային իր հերթին հայտարարել է, որ կան կազմակերպությունը ֆինսավորելու պատրաստ մի շարք բարեկամ երկրներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահն ունի: Նա չի բացահայտել այդ երկրների անունները՝ նշելով, որ այդ պետություններն ու դրանց  տրամադրած ֆինանսավորման չափը հրապարակման ենթակա չեն։

Carnegie Endowment հիմնդադրամի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն, կազմակերպության հիմնադիրներին միավորում է ոչ միայն ընդհանուր գաղափարախոսությունը, այլև այն, որ բոլոր խմբավորումներն էլ կախված են արտասահմանյան պետությունների ֆինանսավորումից և նրանց վերահսկման տակ գտնվող շրջանների մեծ մասը սահմանակից է Թուրքիային:

Լոնդոնում գտնվող արաբական Asharq Al-Awsat կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ կազմակերպության քաղաքական խորհրդի նախագահ Մոհամեդ Ալուշը, ով «Ջեյշ ալ-Իսլամ» արմատական իսլամիստական խմբավորման ղեկավարներից մեկն է, հայտարարել է, որ կազմակերպության գլխավոր նպատակն է համախմբել միայն այն ուժերը, որոնք պատրաստ են պայքարել Բաշար Ասադի վարչակարգի դեմ։

Սակայն առաջին օրը խորհրդի նիստին մասնակցած աշխարհիկ խմբավորումներից մեկի ղեկավարը, ով ցանկացել է մնալ անհայտ, հայտարարել է, որ հենց առաջին օրն ինքը լքել է խորհրդի նիստը, քանի որ դա համարում է ժամանակի զուր կորուստ՝ հավելելով, որ մասնակից խմբավորումները համերաշխ չեն և գերիշխում են իսլամիստական խմբավորումները։

«Սիրիայի հեղափոխական հրամանատարության խորհուրդ» կազմակերպությանն անդամակցող 72 խմբավորումների  շարքում իրենց արմատական իսլամիստական գաղափարներով և գործունեությամբ առավել հայտնի են՝ «Իսլամի բանակ», «Հարաքաթ Հազմ», «Ահրար աշ-Շամ», «Սուքուր աշ-Շամ»,«Լիվա աթ Թաուհիդ», «Մուջահիդների բանակ»,  «Ասալա վա ալ-Թանմիյա ճակատ», «Սիրիայի հեղափոխական ճակատ», «Դավուդի բրիգադ», «13-րդ դիվիզիոն» արմատական իսլամիստական խմբավորումները, որոնք իրականացրել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ: Այս կազմակերպություններից մի քանիսն էլ համագործակցել են «Իսլամական պետության» հետ։

Թուրքական «Այդընլըք» լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ այն դեպքում, երբ սիրիական բանակը հետ է գրավում «Իսլամական պետության» զինյալների գրաված տարածքները, Սիրիայի մի շարք իսլամիստական խմբավորումներ հիմնում են նոր կազմակերպություն, որի հիմնադիր ժողովին մասնակցում է «Ալ Կաիդա» և «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապեր ունեցող «Ահրար ալ Շամը», որն ըստ տարբեր տվյալների 15-20 հազար զինյալ ունի։

Խմբավորումների որոշ ներկայացուցիչներ, սակայն, նշել են, որ ԱՄՆ-ի կողմից իրենց անհրաժեշտ օգնություն չտրամադրելու պատճառով վերջին 6 ամիսների ընթացքում կորցրել են նախորդ 2 տարիների գրաված դիրքերը, և «Իսլամական պետությունը» գերակա դիրքեր է ձեռք բերել: Նրանք նաև հավելել են, որ դեռևս սեպտեմբերին ԱՄՆ-ն խոստացել էր 500 մլն դոլար տրամադրել Սիրիայի ապստամբ խմբավորումներին, սակայն մինչ օրս չի կատարել խոստումը։

Հավաքը Թուրքիայում կազմակերպելու վերաբերյալ խորհրդի նորընտիր նախագահ Քեյս ալ-Շեյխը հայտարարել է, որ վախենում էին Սիրիայում կառավարական ուժերի հարձակումից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս նշել էր, որ Ասադի դեմ պայքարն իրենց համար առաջնային է։ Եվ, թերևս պատահական չէ արմատական-իսլամական խմբավորումների հավաքների կազմակերպումը Թուրքիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *