Հայտնի են Թուրքիայի զենք արտահանող 5 խոշորագույն ընկերությունները

Ապրիլի 26-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հրապարակել է 2016 թ. ընթացքում զենք արտահանած թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Վերջին տարիների ընթացքում խոշորագույն զենք արտահանողը շարունակում է մնալ TAI ավիաշինական ընկերությունը:

Ըստ Թուրքիայի ՊԱԳՎ հրապարակած տվյալների՝ 2016 թ. ընթացքում Թուրքիայի խոշորագույն զենք արտահանող ռազմարդյունաբերական ընկերություններն են՝

  1. «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» — TAI,
  2. «Թուրքիայի շարժիչների արդյունաբերություն» — TEI,
  3. «Մեքենաների և քիմիական արդյունյաբերության ընկերություն» —  MKEK,
  4. FNSS պաշտպանական տեխնոլոգիաների, զրահապատ մեքենաների արտադրության ընկերություն,
  5. «Ռազմական էլեկտրոնիկայի արդյունաբերություն» — ASELSAN:

TAI ռազմարդյունաբերական ընկերությունը հիմնականում զբաղվում է անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների, ինքնաթիռների արտադրությամբ և վերանորոգման, արդիականացման աշխատանքներով: Մասնավորապես այս ընկերությունն արտադրում է «Անքա» անօդաչու թռչող սարքեր, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռներ, Իտալիայի հետ համատեղ՝ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև այլ ռազմական նշանակության սպառազինություն։

ԹԱԻ-ում աշխատում է շուրջ 4500 մարդ, որոնցից 1800-ը` ինժեներներ: 2005-ին ընկերության ապրանքնաշրջանառությունը կազմել էր ընդամենը 90 մլն ԱՄՆ դոլար: Սակայն վերջին տասը տարվա ընթացքում այն աճել է շուրջ նույնքան անգամ: Ընկերությունը գործում է 1984 թվականից:

TEI ընկերությունը  հիմնադրվել է 1985 թ.՝ ամերիկյան արտադրության F-16 կործանիչների համար շարժիչներ մոնտաժելու, տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով: ընկերության հիմնական բաժնետերը նույն TAI ավիաշինական ընկերությունն է:

Ներկայում թուրքական շարժիչաշինական ընկերությունը ներգրավված է A400-M բեռնատար ինքնաթիռների, Տ-129 հարվածային ուղղաթիռների և մի շարք այլ ուղղաթիռների, ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի շարժիչների նախագծման, վերանաորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքներում:

Թուրքիան TEI ընկերությունում հավաքվող շարժիչ

Թուրքիան TEI ընկերությունում հավաքվող շարժիչ

MKEK ընկերությունը հիմնադրվել է 1984 թ.: Ներկայում արտադրում է թուրքական զինուժում կիրառվող MPT-76 ինքնաձիգներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տեսակի արկեր, հրթիռներ, քիմիական հանդերձանք, տարբեր տրամաչափերի հրետանային համակարգեր, փոքր հեռահարության հրթիռային կայանքներ:

Ընկերությունն առավել հայտնի է 155 մմ տրամաչափի Fırtına ինքնագնաց հաուբիցների արտադրությամբ, որոնք այօսր լայնորեն կիրառվում են թուրքական բանակում: Բացի այդ, 2017 թ. ապրիլի սկզբին ընկերությունից հայտնել են, որ սկսելու են 155 մմ 6×6 ընթացամասով ինքնագնաց հրետանային համակարգի արտադրություն:

FNSS ընկերությունը հիմնադրվել է 1985 թ.: 1988 թ. Թուրքիայի ցամաքային զորքերի համար նախագծել է առաջին տեղական զրահափոխադրիչը:

Ընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում է թուրքական Nurol Holding ընկերությանը, իսկ մյուս մասը՝ բրիտանական BAE systems ռազմարդյունաբերական ընկերությանը: Ներկայում ընկերությունը արտադրում է տարբեր տեսակի թրթուրավոր և անվավոր զրահապատ մեքենաներ, որոնք կիրառվում են նաև այլ երկրների զինված ուժերում:

«Ասելսանը» Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունն է՝ իր արտադրանքի և արտասահմանում ունեցած մասնաճյուղերի ընդհանուր քանակով: Իր արտադրանքներն արտահանում է աշխարհի 48 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

Մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ։ Հիմնադրվել է 1975 թ.՝ թուրքական զինուժին կապի համակարգեր մատակարարելու նպատակով: արտադրում է նաև տարբեր տեսակի մարտական մոդուլներ, ՀՕՊ համակարգեր և այլ տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *