Ապրիլի 28-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանի այցի ընթացքում հանդիպել է ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում և «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ տեղակայված է ՌԴ ԶՈւ ավիախումբը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» և երկու երկրներում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:
Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը` ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարի գլխավորությամբ Հայաստան է ժամանել ապրիլի 26-ին: