Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերությունը նախատեսում է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլարի ուղիղ ներդրումների և 82 մլն դոլարի սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերմամբ զարգացնել և մեծացնել արտադրական ծավալները:Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը համարվող այս ընկերությունն արտադրում է «Անքա» անօդաչու թռչող սարքեր, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռներ, Տ129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև այլ ռազմական նշանակության սպառազինություն։
Ներկայումս ԹԱԻ-ում աշխատում է շուրջ 4500 մարդ, որոնցից 1800-ը` ինժեներներ: 2005-ին ընկերության ապրանքնաշրջանառությունը կազմել էր ընդամենը 90 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ համաձայն «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) զեկույցի` 2014-ին թուրքական երկու ընկերություն տեղ էին գտել աշխարհի` 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում:
Նշվածներից առաջինը վաճառքի ծավալներով «Ասելսան» ընկերությունն էր, իսկ երկրորդը` ԹԱԻ-ին: Վերջինս 2013-ի համեմատ 14 հորիզոնականով բարձրացել էր` 850 մլն ամերիկյան դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը: Ընկերությունը վաճառել էր նաև շուրջ 150 մլն դոլարի այլ արտադրանք` ընդհանուր վաճառքի 15%-ը:
Ընկերության բաժնետոմսերի շուրջ 55 %-ը պատկանում է Թուրքիայի ԶՈւ զարգացման ֆոնդին, իսկ 45-ը` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը: ԹԱԻ-ն մի շարք այլ խոշոր ընկերությունների, այդ թվում`Airbus Military եվրոպական ռազմարդյունաբերական ընկերության համասեփականատեր է:
Հայտարարվում է, որ ԹԱի-ն նպատակ ունի առաջիկա 10 տարվա ընթացքում հասնել շուրջ 6 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության և ունենալ 10 հազար աշխատող: Նշվում է, որ այս ներդրումների շնորհիվ ընկերության աշխատակիցների թիվն ավելանալու է շուրջ 710-ով, ինչպես նաև ստեղծվելու է ավելի շատ տեսակի ԱԹՍ-ների և ինքնաթիռների արտադրության ու արդիականցման հնարավորություն:
Ընկերությունը զբաղվում է նաև թուրքական օդուժի համար թեթև բազմանպատակային ուղղաթիռի, ինչպես նաև նոր սերնդի կործանիչի նախագծմամբ, համագործակցում մի շարք արտասահմանյան խոշոր ընկերությունների, այդ թվում` «Բոինգի» հետ: