2016թ. Իսրայելի արտահանած սպառազինության ծավալը աճել է 800 մլն դոլարով

2016 թվականի ընթացքում Իսրայելն այլ պետությունների հետ ստորագրել է զենքի արտահանման 6,5 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնց մի մասը կատարվել է տարվա ընթացքում: Այս ցուցանիշով Իսրայելն իր արտահանման ծավալը 2015 թվականի համեմատությամբ ավելացրել է 800 մլն դոլարով: Այս մասին հայտնում է DefeneNews լրատվակայքը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։

Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության՝  իրականացվել են բոլոր տեսակի սպառազինության արտահանումներ՝ այդ թվում նաև արդիականացման և այլ ծառայություններ:

Դրանցից միայն ինքնաթիռների արդիականացման ծրագրերը կազմել են պատվերների ողջ ծավալի 20 տոկոսը։

Իսրայելական Super Heron անօդաչու թռչող սարքը

Իսրայելական Super Heron անօդաչու թռչող սարքը

Գնումներ են իրականացվել նաև օպտիկական հետախուզության  (18%), ՀՕՊ և հրթիռային համակարգերի (15%),  հետախուզության և կիբերտեխնոլոգիաների (8%), ԱԹՍ-ների (7%), կապի համակարգերի  (4%) և ռազմածովային համակարգերի (1%) ոլորտներում։

Իսրայելի  արտահանման հիմնական շուկան Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանն է, որտեղ կնքվել են 2,6 մլրդ դոլարի պայմանագրեր։ Եվրոպայում կնքվել են 1,8 մլրդ դոլարի պայմանագրեր։

Ստորև ներկայացվում է Իսրայելի տարեկան արտահանած սպառազինության գները.

2016 — 6,5 մլրդ դոլար
2015 — 5,7 մլրդ դոլար
2014 — 5,6 մլրդ դոլար
2013 — 6,6 մլրդ դոլար
2012 — 7,4 մլրդ դոլար

Ստացվում է, որ ընդհանուր առմամբ, 2012-2016 թվականներին Իսրայելն արտահանել է 31,8 մլրդ դոլարի սպառազինություն, զինտեխնիկա, ինչպես նաև ռազմական ոլորտի ծառայություններ (արդիականացում և այլն):

Հիշեցնենք, որ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) փետրվարին հրապարակած տվյալների՝ 2012-2016 թթ Իսրայելի արտահանած ամբողջ սպառազինության 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին։

Այս թվերի համադրության արդյունքում ստանում ենք, որ անցած 5 տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանից գնել է 4,1 մլրդ դոլարի սպառազինություն և ռազմական ոլորտի ծառայություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *