Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինուժից հեռացվել է շուրջ 23000 ծառայող

Մարտի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերից 6511 մարդ է հեռացվել, 16409 մարդ էլ զրկվել է կուրսանտի կարգավիճակից: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո

Կուրսանտի կարգավիճակը կորցրածներից 4090 հոգին լիցեյների ուսանողներ են, 6140-ը բարձրագույն դպրոցի, իսկ 6179-ին էլ ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի դպրոցների, Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ: Այսինքն, ընդհանուր առմամբ զինված ուժերից հեռացվածների թվաքանակը հասնում է 22920-ի:

Մարտի 19-ին թուրքական «Turkish minute» լրատվակայքը հայտնում է, որ իշխանությունները նպատակադրվել են զինված ուժերի ևս 90,000 ներկայացուցչի դեմ հետաքննություն սկսել: Սակայն սա պաշտոնական տեղեկություն չէ և բացի այս կայքից, այլ աղբյուրներում հնարավոր չեղավ որևէ տեղեկություն գտնել այս մասին:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը իրականացվել է 2016-ի հուլիսի 15-16-ին: Դրան ներգրավված էին զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա:

Մի քանի ժամում Էրդողանի կողմնակիցները ճնշում են հեղափոխության փորձը, ինչից հետո սկսվում են ձերբակալություններն ու հաշվեհարդարները: Հուլիսի 20-ին Թուրքիայում մտցվում է «արտակարգ դրություն», որը շարունակվում է մինչ այժմ և ապրիլին ևս մեկ անգամ երկարաձգվելու դեպքում ժամկետը կհասնի մինչև 2017-ի հուլիս, այսինքն շուրջ 1 տարի երկրում «արտակարգ դրության» ռեժիմ հաստատված կլինի:

Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *