Թուրքիայում ձերբակալվել է 960 մարդ՝ PKK-ի հետ կապ ունենալու կասկածանքով

Մարտի 9-ից 20-ը Թուրքիայում ժանդարմերիայի և ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 960 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մինչ այս՝ մարտի 18-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հայտնել էր ձերբակալված 740 կասկածյալների մասին:

Ավելի վաղ՝ մարտի 5-ին, երկրի արևելքում քուրդ զինյալների դեմ մեկնարկած ռազմագործողությանը ներգրավված են ընդհանուր առմամբ 8 հազար զինծառայող, որից 7000-ը՝ ժանդարմներ: Գործողությունը համակարգում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը՝ ում ենթակայության տակ էլ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո անցել է ժանդարմերիան:

Նշենք, որ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում (ըստ երևույթին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալներ):

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավային և հարավարևելյան նահանգներում Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *