Արբանյակային լուսանկարները բացահայտել են Իրանի ստացած Ս-300-ների քանակը

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի հետ գործարքի արդյունքում Իրանը ստացել է 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգ: Այս մասին հայտնում է բրիտանական հեղինակավոր «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Համակարգի դիվիզիոններից յուրաքանչյուրի կազմում առկա է 96L6E (96Л6Е) ռադար, ինչպես նաև ամեն երկու դիվիզիոնում առկա է 64N6 (64Н6) ռադար:

Իրանի զինված ուժերն արդեն փորձարկել են այս համակարգերը օրեր առաջ: Հրապարակվել է նաև փորձարկումների տեսանյութը:

Մինչ այս՝ 2016-ի հոկտեմբերին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։

Նշենք, որ Ռուսաստանում արտադրվող Ս-300 ընտանիքի զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են պետական և ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանության ապահովման համար: Համակարգի ՊՄՈւ-2 տարբերակը հակառակորդի աերոդինամիկ թիրախները կարող է խոցել 3-200 կմ, իսկ բալիստիկ հրթիռները՝ 5-40 կմ հեռավորության վրա: Համակարգի աշխատանքային ռեսուրսը նախատեսված է 20 տարի, իսկ մինչև կապիտալ նորոգում՝ 10 հազար աշխատանքային ժամ:

Համակարգի Ս-300ՊՄՈւ-2 տարբերակով է զինված նաև Ադրբեջանի բանակը, իսկ Հայաստանի զինված ուժերում առկա է համակարգի Ս-300ՊՍ տարբերակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *