Ամերիկյան F-35 կործանիչների գինը կարող է նվազել 16 տոկոսով

Ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների գինը 95 մլն ամերիկյան դոլարից կարող է նվազել մինչև 80 մլն դոլար: Բայց սա կվերաբերի հետագա պատվերներին, ոչ թե արդեն պատվիրված ինքնաթիռներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

F-35A կործանիչներ

F-35A կործանիչներ

Ինքնաթիռների գնի նվազման մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատ) հայտարարել է Պենտագոնի համար այս ինքնաթիռների ծրագիրը ղեկավարող գեներալ-լեյտենանտ Քրիս Բոգդանը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս բողոքներ է հայտնել այս ինքնաթիռների գնի վերաբերյալ, և գեներալը գնի վերաբերյալ մի քանի անգամ զրուցել է ԱՄՆ նախագահի հետ:

F-35 կործանիչները նախագծվում են ԱՄՆ և գործընկերների պատվերով և նրանց զինված ուժերը համալրելու համար: Ծրագրի մասնակիցներից է նաև Թուրքիան, որն այս ինքնաթիռներից առայժմ պատվիրել է 2 միավոր: Առաջին երկու ինքնաթիռները Թուրքիան ստանալու է 2018 թվականին:

Միաժամանակ առաջիկա երեք տարիներին Թուրքիան նախատեսում է պատվիրել ևս 24 միավոր F-35 ինքնաթիռներ:

F-35 կործանիչները հիմնականում արտադրվում են երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C, որոնք տարբերվում են ըստ նշանակության: Մասնավորապես F-35A տարբերակը նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, այն ավելի պարզեցված ու ավելի էժան է, ինչի պատճառով զանգվածային արտադրության մեջ լինելու է հենց այս տարբերակը:

F-35B տարբերակը ծովային դեսանտի համար է ստեղծվել, ու ըստ այդմ՝ այս տարբերակը ունի կարճ տարածության վրա օդ բարձրանալու ու ուղղահայաց վայրէջքի հնարավորություն: F-35C տարբերակը նույնպես նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, սակայն կարողանում է ցածր արագություններում բարձր մանևրայնություն ցուցաբերել:

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

One response to “Ամերիկյան F-35 կործանիչների գինը կարող է նվազել 16 տոկոսով

  1. Pingback: F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *