Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ 2016-ի հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել է պատվիրել ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների երկրորդ խմբաքանակը: Առայժմ Թուրքիան որևէ միավոր F-35 չի ստացել: Կոմիտեի նիստի արդյունքները հրապարակվել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության կայքում:
Նիստի արդյունքում նաև նշվել է, որ 2018-ից Թուրքիան կսկսի ստանալ առավել վաղ պատվիրված F-35 կործանիչների առաջին խմբաքանակը: Երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային նախատեսվում է 2021-22 թվականներին:
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մայիսին Թուրքիան պաշտոնապես հայտարարել է հինգերորդ սերնդի 2 միավոր F-35A կործանիչ գնելու որոշման մասին, ինչպես նաև այս կործանիչից ընդհանուր 100 միավոր ձեռք բերելու մտադրության մասին։ Սպասվում է, որ թուրքերն առաջին երկու կործանիչները կստանան 2018 թվականին:
Ավելացնենք նաև, որ 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի ազատ տնտեսական գոտում բացվել էր ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար F135 շարժիչի մասերի արտադրության համար:
Սակայն 2014-ի դեկտեմբերի 14-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք մինչև 2023 թվական պատրաստվում են ունենալ տեղական արտադրության կործանիչներ, ինչի նպատակը պաշտպանության ոլորտում լիարժեք անկախության հասնելն է: Սակայն ամերիկյան արտադրության կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու որոշումը հակասում է հայտարարված քաղաքականությանը:
Հիշեցնենք նաև, որ F-35A կործանիչ-ռմբակոծիչները ԱՄՆ սպառազինության մեջ ներառվել են 2016 թ. օգոստոսի սկզբին: Մասնավորապես՝ օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌՕՈւ մարտական ավիացիայի հրամանատարը հայտարարել էր, որ F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել:
Pingback: Թուրքիան 2018-ին կստանա 2 միավոր F-35 կործանիչ-ռմբակոծիչ. Թուրքիայի ՊՆ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info
Pingback: Ամերիկյան F-35 կործանիչների գինը կարող է նվազել 16 տոկոսով | Ռազմ.info