Ապրիլին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կայցելի Վրաստան

Փետրվարի 1-ին Թբիլիսիում  հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը: Կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր և Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը Վրաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսան Հասանովի հանդիպումը

Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսան Հասանովի հանդիպումը

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիկովանին և Վրաստանում Ադրբեջանի ռազմական կցորդ, մայոր Ֆուադ Իբրահիմովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարները:

Վրաստանի պաշտպանության նախարար Իզորիան հայտնել է, որ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կայցելի Վրաստան: Իզորիան նաև կարևորել է եռակողմ ձևաչափով (Թուրքիա -Վրաստան-Ադրբեջան) համագործակցությունը:

«Մենք ևս մեկ անգամ կքննարկենք 2017 թվականի պաշտպանական համագործակցության ծրագրերի հեռանկարները: Ինչպես նաև մենք հնարավորություն ունենք պլանավորելու զորավարժություն՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ »,- հայտարարել է Իզորիան:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Բաքվում էր: Այցի ընթացքում ստորագրվել էր 2017 թվականին ռազմական համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրով համագործակցությունը լինելու է ռազմատեխնիկական համագործակցության, կիբերանվտանգության, ռազմական կրթության և համատեղ զորավարժությունների անցկացման ոլորտներում:

Նշենք, որ երկրների համատեղ զորվարժությանը ենթադրվում է, որ մասնակցելու է նաև Թուրքիան: Հիշեցնենք, որ 2016-ի հունիսին «Новости-Грузия» գործակալությունը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ Վրաստանի ԶՈւ հատուկջոկատայինները զորավարժությունների են մասնակցել Թուրքիայում: Սակայն Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը նման հաղաորդագրություն պաշտոնապես չի տարածել: Ենթադրաբար վարժանքներն անցկացվելու են նույն ձևաչափով:

Կողմերը քննարկել են նաև եռակողմ՝ Թուրքիա -Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության հարցերը: 2017-ին նախատեսվում է երեք զինված ուժերի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Վրաստանում:

One response to “Ապրիլին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կայցելի Վրաստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *