Իրանը Airbus ավիաընկերությունից 100 միավոր մարդատար ինքնաթիռ կգնի

Իրանական IranAir և եվրոպական Airbus ավիաընկերությունները համաձայնության են եկել Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին տեղեկացնում է իրանական PressTv  լրատվական գործակալությունը:

Առաջին ինքնաթիռները (7 կամ 8 միավոր) Իրանին կմատակարարվեն 2017 թվականին:

Ֆրանսիական A-320 քաղաքացիական ինքնաթիռ

Ֆրանսիական A 320 քաղաքացիական ինքնաթիռ

Ըստ IranAir ավիաընկերության գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշի` Իրանը պատվերից հանել է A380 ինքնաթիռները, ինչի արդյունքում գործարքի գինը չի գերազանցի 10 մլրդ դոլարը:

Ֆրանսիական Airbus ընկերության հետ 118 միավոր մարդատար ինքաթիռ (45 միավոր  A320, 45 միավոր A330, 16 միավոր A350,12 միավոր A380) գնելու շուրջ Իրանը  պայմանավորվածություն էր ձեռք բերել 2016թ. հունվարի վերջին`Իրանի նախագահ  Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:

Հունիսին հայտնի դարձավ, որ  Իրանը մտադիր է  մարդատար ինքնաթիռներ գնել նաև ամերիկյան  Boeing ընկերությունից  (80 միավոր):  Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:

Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing  ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:

Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն  օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին  մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո  Իրանը 50 միավոր Boeing 737  և  30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին  համաձայնագիր ստորագրեց  Boeing ավիաընկերության հետ:

Ինքնաթիռներն Իրանին են մատակարարվելու 10 տարվա ընթացքում: Գործարքի արժեքը  շուրջ 17 մլրդ դոլար է:

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել նոր ինքնաթիռներով:

One response to “Իրանը Airbus ավիաընկերությունից 100 միավոր մարդատար ինքնաթիռ կգնի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *