Թուրքիայում ռազմական օդաչուների պակասը լրացվելու է ռեզերվային օդաչուներով

Թուրքիայում ռազմական հեղաշրջամն փորձից հետո հեռացված օդաչուների պակասը լրացնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը որոշել է որպես ռեզերվ ներգրավել նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին: 

Այս մասին հրամանագիրը ընդունվել է Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» պայմաններում՝ հոկտեմբերի 31-ին, իսկ նոյեմբերի 22-ին այն հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete)՝ ստանալով օրենքի ուժ:

Ռեզերվային օդաչուներին նախատեսվում է օգտագործել «ճգնաժամային իրավիճակներում կամ ռազմական գործողությունների ընթացքում»:

Թուրքիայի ԶՈւ F-16C կործանիչ

Թուրքիայի ԶՈւ F-16C կործանիչ

Համաձայն հրամանագրի` ճգնաժամային կամ ռազմական գործողությունների իրականացման ժամանակ, զինված ուժերի կանոնավոր անձնակազմից բացի, որպես ռեզերվային օդաչու կարող են ներգրավվել սեփական կամքով զինուժից հեռացած այն օդաչուները, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ պայմաններին:

Նրանք պարբերաբար՝ ոչ քիչ քան ամսվա մեջ 3 աշխատանքային օր և 1 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ոչ ավել քան 6 աշխատանքային օր, նախօրոք որոշված ինքնաթիռներով նախապես որոշված շրջաններում թռիչքներ են իրականացնելու: Այս ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վերապատրաստման և պատերազմի պատրաստության դասընթացներ կանցկացվեն:

Ռեզերվային օդաչուների քանակի վերաբերյալ առաջարկով պետք է հանդես գա ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, այնուհետևՊՆ հավանությունը ստանալուց հետո, օդաչուների վերջնական անհրաժեշտ քանակը սահմանվելու է նախարարների խորհրդի որոշմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ուժի մեջ մտած մեկ այլ հրամանագրով, Թուրքիայի ՊՆ – ԶՈւ ԳՇ հրամանատարություններից հեռացվում է 1988 զինծառայող: Այդ թվում՝ ցամաքային ուժերից 1259, ռազմածովային ուժերից՝ 391 և ռազմաօդային ուժերից՝ 338 զինծառայող: ՌՕՈւ-ից հեռացվածների հիմնական մասը միջին սպայական կազմի ռազմական օդաչուներ, տեխնիկներ են:

Նշենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերից հեռացվել են 32 գեներալ, 566 սպա և 173 ենթասպա: Եթե հաշվի առնենք, որ մյուս հրամանատարությունների հետ համեմատ՝ ռազմաօդային ուժերն ավելի սակավաթիվ են, ապա այս հեռացումները արդեն իսկ լուրջ պակաս էին ստեղծել ՌՕՈւ հրամանատարությունում: Սակայն ներկայումս հեռացվում է ևս շուրջ 300 օդաչու, իսկ նոր օդաչուները դեռ չեն էլ ընդունվել:

Խոսելով ռազմաօդային ուժերում առաջացած օդաչուների պակասի մասին՝ թուրքագետ Լ. Հովսեփյանը մեզ հետ զրույցում դեռ նոյեմբերի 18-ին նշել էր, որ անհավասարակշռություն է ստեղծվել ռազմաօդային ուժերում եղած տեխնիկայի և ռազմական օդաչուների միջև, որոնք ներկայում պահանջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *