Ռուսաստանի ԶՈւ կործանիչները Սիրիայում հարվածել են ահաբեկչական խմբավորումների դիրքերին

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա հերթապահություն իրականացնող Սու-33 կործանիչները սկսել են հարվածել Սիրիայում «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման դիրքերին: 

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա: Նկարը՝ «ՌԻԱ նովոստի» գործակալության:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ Կոնաշենկովի՝ հարվածների արդյունքում ոչնչացվել է «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 զինյալ:

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ և արևմտյան Հոմս նահանգներում «Իսլամական պետություն» և «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների դիրքերը ոչնչացնելու մեծ գործողությունը:

Շոյգուն հայտնել է նաև, որ ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատից «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների թիրախներին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 14-ին, «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ:

Նշենք, որ ավելի վաղ՝ 2016-ի հուլիսին, հայտնի է դարձել, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը 2016-ի հոկտեմբերից – 2017-ի հունվար ամիսներին մասնակցելու է Միջերկրական ծովից Սիրիայի տարածքում ԻՊ զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն:

Ներկայում ավիակրի վրա հերթապահություն են իրականացնում 15 միավոր Սու-33 կործանիչներ, ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչներ և մոտ 10 միավոր Կա–52Կ, Կա-27, Կա-31 ուղղաթիռներ:

Նշենք նաև, որ ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող անձնակազմին։

One response to “Ռուսաստանի ԶՈւ կործանիչները Սիրիայում հարվածել են ահաբեկչական խմբավորումների դիրքերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *