Վիգեն Սարգսյանը զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը, ինչի հետո սկսվել է նախագծի քննարկումը՝ առաջին ընթերցմամբ:

Նախարարը մասնավորապես նշել է, որ փոխհատուցման գործող համակարգը ոչ լիարժեք է, ինչը երևում է հատկապես Հայաստանի սահմաններում ռազմական գործողությունների ժամանակ, բացի այդ, բացակայում է մի կառույց, որը կհավաքի հասարակության նվիրաբերած միջոցները՝ մարտական գործողությունների ժամանակ տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին հատուցում տալու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել նոր համակարգ՝ հատուկ հիմնադրամ, որը կմիավորի պետությունից ու հասարակությունից ստացվող միջոցները:

Վիգեն Սարգսյանը խորհրդարանին ներկայացրել է նաև հիմնադրամի և դրա միջոցների կառավարման մեթոդները, հատուցման գումարների չափերը, որոնք մասին կարող եք կարդալ Ռազմինֆոյի հոդվածում:

Այնուհետ Վիգեն Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել հասարակության շրջանում աղմուկ հանած որոշ հարցերի վերաբերյալ

Նախագծի հապճեպ ներկայացման և հանրային քննարկումներ չացկացնելու վերաբերյալ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ԱԺ աշնանային նստաշրջանը մոտենում է ավարտին, և եթե հաշվի առնվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իսկ դրանից հետո խորհրդարանի ընթացակարգային աշխատանքները, ապա այս նախագծի ընդունումը կհետաձգվեր մինչև հաջորդ տարվա աշնանային նստաշրջան:

— Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք բավարարված ենք հանրային քննարկման այս պահին եղած որակով և արդյո՞ք համարում ենք, որ արել ենք այն անհրաժեշտը, որպեսզի լսենք հանրության մտահոգությունները և կարծիքները այս հարցի շուրջ: Միանշանակ, ոչ: Ես այսօր արդեն ունեմ նշանակված մի շարք հանդիպումներ, և վաղը … Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա առաջին ընթերցման քվեարկությունը՝ մինչև երկրորդ և երրորդ ընթերցման բերելը, մտադիր եմ հնարավորինս անդրադառնալ այն կարծիքներին, այն մտահոգություններին, որ հնչում են, — նշել է նախարարը:

Ըստ պաշտպանության նախարարի՝ տրամաբանական է այն պնդումը, որ ներկայում զինծառայող ունեցող ընտանիքները պիտի չվճարեն այդ գումարը, և ինքը՝ նախարարը, հետամուտ է լինելու, որ այս ուղղումը մտցվի նախագծի մեջ: Այս վճարից, ըստ Սարգսյանի, պետք է ազատվեն նաև զոհված և հաշմանդամ ունեցող ընտանիքները:

Այնուհետ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

One response to “Վիգեն Սարգսյանը զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *