Վրաստանի պաշտպանական բյուջեն կկրճատվի. վրացի փորձագետ

Այս շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ամփոփելով 100 օրվա պաշտոնավարման արդյունքները, հայտարարել էր Վրաստանի զինված ուժերում և պաշտպանության նախարարությունում մի շարք հիմնային փոփոխություններ իրականցնելու, մասնավորապես` Վրաստանի ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության վերականգնման և բրիգադներից մեկի կրճատման մասին:

Համաձայն Իզորիայի՝ նախատեսվում է նաև փոփոխել բրիգադների տեղակայման վայրերը, քանի որ «նրանց տեղակայումը քաղաքում թույլ չի տալիս նրանց լինել մանևրող բրիգադներ»:

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները NRF-ի տարբերանշանով

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները NRF-ի տարբերանշանով (արխիվ)

Վրացի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսաիան Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը 5 հետևակային բրիգադներից մեկի կրճատման մասին է` պայմանավորված ռազմական բյուջեի կրճատմամբ:

«Սպասվում է պաշտպանական բյուջեի մեծ կրճատում: Մեկով կրճատվելու է նաև  ցամաքային զորքերի հետևակային բրիգադների թիվը` դառնալով 4 բրիգադ»,- հայտնեց Մաիսաիան:

Նշենք, որ Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերը այժմ ունեն 4 հետևակային, 1 մեխանիզացված և 2 հրետանային բիրգադ:

Իսկ  պարտադիր զինվորական ծառայության վերականգման որոշումը, ըստ Մաիսաիայի, ուղղակի մեխանիկական ընթացակարգ է, քանի որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշվիլին, ով 2016թ. հունիսին հանել էր պարտադիր զինվորական ծառայությունը, չկարողացավ ազդել մնացյալ ռազմականցված միավորումների զորակոչերի վրա:

«Զորակոչային ամբողջ համակազմից Վրաստանի զինված ուժերի զորակոչը կազմում է ընդամենը 20 տոկոսը, ինչը ընդհանուր առմամբ կազմում էր շուրջ  2000 զորակոչիկ: Ուղղակի պաշտպանության ներկայիս նախարար Լևան Իզորիան, չունենալով լավ հարաբերություններ նախկին նախարարի հետ, հնարավոր է` անձնական նկատառումներով, չեղյալ է հայտարարել նախկին նախարարի որոշումը: Նա ուղղակի մեխանիկորեն վերականգնել է  զորակոչիկների քանակը, որոնք նախորդ հրամանով զորակոչին չէին մասնակցել»,- հայտնեց վրացի ռազմական փորձագետը:

Նշենք, որ Վրաստանի ԶՈւ-ում հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, որոնց թիվը զորքերում կազմում է 93 տոկոս: Իսկ զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 37000 է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *