Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ԻՊ-ից ազատագրել և վերահսկողություն հաստատել Դեր Զորի օդանավակայանի շրջանում միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում իրենց կորցրած դիրքերում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնում է Sputnik News լրատվական գործակալությունը։
Մինչ այդ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը սեպտեմբերի 17-ին ավիահարվածներ էին հասցրել Դեր Զորում Սիրիայի բանակի դիրքերին, ինչի հետևանքով ԻՊ զինյալներին հաջողվել էր գրավել դիրքեր Ջեբալ աս-Սարդա լեռան բարձրունքում։ Սպանվել է առնվազն 60, վիրավորվել՝ ևս 100 զինծառայող։
Այսօր արդեն Դանիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ կոալիցիայի ավիահարվածներին ներգրավված են եղել նաև իրենց զինծառայողները։ Մասնավորապես Դանիայի ԶՈւ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Դանիայի ՌՕՈւ 2 միավոր F- 16 ներգրավված են եղել Դեր Զորում սիրիացի զինծառայողների դիրքերին հարվածների մեջ։ Իսկ բրիտանական Independent լրատվականը, մեջբերելով ՄԵծ Բրիտանիայի ՊՆ մամուլի խոսնակին, հայտնել է որ Մեծ Բրիտանիան մասնակցել է ավիահարվածներին։
Հարվածից հետո Սիրիական բանակը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Սիրիայի նկատմամբ ագրեսիայի դրսևորման և ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու համար: Իսկ ամերիկյան կողմը հայտնել էր, որ կոալիցիան պատահաբար է հարվածել Սիրիայի կառավարական բանակի դիրքերին:
Pingback: Սիրիայի ԶՈւ-ն հետ է մղել «Ալ-Նուսրայի» գրոհը Հալեպի մատույցներում | Ռազմ.info