Հայտնվել են Եմենում վրացական Didgori զրահամեքենայի ոչնչացման կադրերը

Օգոստոսի 25-ին արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքի հրապարակած հոլովակը, որտեղ պատկերված էին Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի ԶՈւ վրացական Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենայի ոչնչացման կադրերը, վրացական փորձագիտական շրջանակներում մեծ արձագանք են առաջացրել:

Կադրերից երևում է, թե բարձր արագությամբ ընթացող Didgori զրահամեքենան ինչպես է վնասում առջևի սռնին (передняя ось) և մնում ճանապարհին, որից հետո նրան է բախվում «LAV III» ՀՄՄ-ն: Արդյունքում Եմենի հութիները 2 մեքենան էլ ոչնչացնում են:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 26-ին, միջադեպը մեկնաբանել է Didgori զրահամեքենան արտադրող վրացական պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի աշխատակից  Գիգա Իվանաշվիլին՝ նշելով, որ «Այն ինչ կատարվում է Սաուդյան Արաբիայում կամ Եմենում մեր իրավասությունը չէ: Դա հաստատ խոտանված մեքենա չէր և այն դեռ ավելի վատ պայմաններում էլ է հայտնվել»:

Եմենում ոչնչացված Սաուդյան Արաբիայի ԶՈւ վրացական Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենան

Եմենում ոչնչացված Սաուդյան Արաբիայի ԶՈւ վրացական Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենան

Վրացի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլու կարծիքով՝ պատահարի հիմնական պտասխանատվությունը մեխանիկ-վարորդինն է, ով մեծ արագությամբ փորձում էր անցնել բավականին խորը փոսերը: Ալադաշվիլին նշել է, որ նման իրավիճակում այդպիսի բան կարող էր պատահել նման կարգի ցանկացած զրահամեքենայի հետ: Նա նաև կարծում է, որ որոշ ուղղումներ մտցնելով կարելի է բարձրացնել մեքենայի դիմացկունությունը՝ ավելացնելով, որ ներկայիս տարբերակը շատ ավելի դժվարաշարժ է և ծանր:

Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենան

Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենան

Վրացի մեկ այ ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայայի կարծիքով՝ սա տեղական արտադրողի հեղինակությունը խաթարելու փորձ է. «Սա այսպես կոչված սև փիառ է, որը շատ տեղին է զենքի առևտրի համատեքստում: Այսինքն՝ զինագործական ընկերությունները այսպիսի մեթոդներ են օգտագործում մրցակիցներին վարկաբեկելու համար, եթե, իհարկե, դա հարմար է և դրա առիթը կա»:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան Didgori Medevac զրահամեքենաները Վրաստանից ձեռք էր բերել 2016-ի հունվարին: Ըստ պայմանագրի՝ Վրաստանը պետք է շուրջ 100 միավոր Didgori Medevac մատակարարեր Սաուդյան Արաբիային, իսկ գործարքի արժեքը գնահատվում էր շուրջ 35 մլն. ԱՄՆ դոլար:

Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *